Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Գիտաժողով (Շուշի) 08.07.2006թ., Բակուր Կարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեմա.
"Շուշի" բարեգործական հիմնադրամի Շուշիի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության ուսումնասիրման, քաղաքի զարգացման համալիր ծրագրի, նրա իրականացման եւ արխիվային նյութերի ուսումնասիրման մասին:


"Շուշի" բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2000 թ., գրանցվել է ԼՂՀ Շուշի քաղաքում: Գլխավոր նպատակն է նպաստել Շուշիի զարգացմանը` պահպանելով նրա 19-րդ դարի պատմաճարտարապետական միջավայրը: Հիմնադրամը սկզբում կազմել եւ ՀՀ ԿԳ նախարարությանն է հանձնել "Շուշիի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության ուսումնասիրման, քաղաքի զարգացման համալիր ծրագիրը": Այս ծրագրի հիմնական նպատակն է գիտական հիմք ստեղծել Շուշիի զարգացման համար, ինչպես եւ ուսումնասիրել նրա պատմամշակութային ժառանգությունը: Այն ՀՀ ԿԳ-ում հաստատվելուց հետո ներկայացվել է ՀՀ կառավարությանը, որտեղ հաստատվել եւ որոշվել է ծրագրի իրականացման համար հատկացնել 35 միլիոն դրամ: Սակայն հետո հայտնում են, որ նախատեսված գումարը վատնվել է այլ ծրագրերի համար…
Բակուր ԿարապետյանԾրագրի իրականացման համար հիմնադրամում ընդգրկվել են բավական լուրջ մասնագետներ, ինչպես նաեւ ֆինանսական օժանդակությունն ապահովելու նպատակով դրսի հետ կապերի հնարավորություն ունեցող անձ` գործադիր տնօրենի կարգավիճակով: Աշխատանքները սկսել ենք սարահարթի եւ շրջակայքի հուշարձանների հաշվառումից ու քարտեզագրումից: Ապա ճարտարապետական արշավախմբերը, որտեղ ընդգրկվել են նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողները, չափագրել են 220 հուշարձան-շինություններ: Անցկացվել են հնագիտական պեղումներ: Կատարված աշխատանքները հիմք են տալիս անցնելու հաջորդ փուլին` նախագծային աշխատանքների իրականացմանը: Ի դեպ, քաղաքի զարգացման մեր հայեցակարգը սկզբունքորեն տարբերվում է իշխանությունների մոտեցումից: Մենք առաջարկում ենք ստեղծել քաղաքի կենսաապահովման, ինքնազարգացման մեխանիզմներ, պայմաններ ստեղծել ներդրումների, առողջ բիզնեսի համար: Կարծում ենք, որ քաղաքի զարգացման համար հիմք կարող է հանդիսանալ նրա միջուկի ստեղծումը, որի շուրջն էլ կզարգանա քաղաքը` կյանքի թելադրանքով, ժամանակակից պահանջներին համապատասխան: Որպես միջուկ` նախատեսում ենք Զբոսաշրջության համալիրի (Հունոտի կիրճի ընդգրկումով), Մշակութային կենտրոնի, Հոգեւոր կենտրոնի, Կրթահամալիրի գոտիները:
Հիմնադրամը ձեռնարկել է մի փոքր փողոցի ու նրա շրջակայքի (10 շենք) 19-րդ դարի միջավայրի ամբողջական վերականգնումը: Աշխատանքը նախագծման ընթացքում է:
Անշուշտ, հիմնադրամի ծրագիրը ամենեւին չի ավարտված: Պետք է հետագայում իրականացվեն հետեւյալ աշխատանքները.

1. Գոտիների նախագծում` ճարտարապետական միջազգային մրցույթների միջոցով ընդգրկելով աշխարհի առաջատար ճարտարապետական ուժեր:
2. Հնագիտական պեղումների շարունակում:
3. Քարանձավների բազմակողմանի ուսումնասիրություն:
4. Վիմագրերի ուսումնասիրություն եւ արդյունքների հրատարակում:
5. Պարսկերեն արձանագրությունների ուսումնասիրություն եւ հրատարակում:
6. Երեւանի, Մոսկվայի, Ս.Պետերբուրգի, Բազելի արխիվներում Շուշիի մասին նյութերի ուսումնասիրություն եւ մատենաշարի ստեղծում ու հրատարակում (հինգ հատոր):
7. Ճարտարապետական աշխատանքների արդյունքների հրատարակում:
8."Արցախյան գոյամարտի համահավաք" ծրագրով աշխատանքների ստեղծում եւ մատենաշարի հրատարակում (արդեն պատրաստ է յոթ հատոր, առաջին հատորը հրատարակման ընթացքում է): Հիմնադրամը բացել է իր " Շուշի" հրատարակչությունը:

Նկատի ունենալով մի շարք հանգամանքներ` "Շուշի" հիմնադրամը ապրիլի 4-ից հայտարարել է Շուշիին նվիրված համահայկական հանրաքվե: Ով համաձայն է, որ Շուշին դառնա համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք, ԼՂՀ եւ ՀՀ փոստային ցանկացած բաժանմունքում մուծում է 500 դրամ, այդպես մասնակից դառնում նրա վերածննդին: Արդեն քվեարկել են շուրջ չորս հազար մարդ: Հանրաքվեն թափ է առնում: Հիմնադրամը գրություններ է ուղարկել նաեւ իշխանություններին եւ առաջարկել ժողովրդի հետ մասնակցել այս ակցիային:
Շուշիի պատմությանը վերաբերող հազարավոր վավերագրեր են պահվում Երեւանի Մատենադարանի "Կաթողիկոսական դիվանում" եւ ՀՀ Ազգային արխիվում: Մատենադարանի նյութերն ընդգրկում են ավելի վաղ շրջանը, ուստի ուսումնասիրությունը սկսել եմ Կաթողիկոսական դիվանից: Քանի որ Կարկառ-Շուշին Արցախից անջատ անհնար է դիտարկել, ուսումնասիրվել են նաեւ Արցախին վերաբերող նյութեր: Նախ ուսումնասիրել եմ նյութերը, ցուցակագրել, ապա համապատասխան գումար վճարելով մատենադարանին, իրավունք եմ ստացել այդ նյութերը թվային խցիկով լուսանկարել: Դրանք մտցվել են համակարգիչ եւ ըստ ժամանակաշրջանների կազմվել են թղթապանակներ: Հիմնադրամը առաջին հատորի լույս ընծայման համար դիմել է Արցախի թեմական խորհրդին: Վերջինս որոշել է օժանդակել, սակայն խոստումը թղթից գործի չի վերածվում:
Մինչ հավաքված նյութերին անցնելը մի քանի խոսք Շուշիի պատմության մի քանի դրվագների մասին:
Արաբ աշխարհագետ Յակուտ ալ Համավին (1178-1229 թթ.), վկայակոչելով արաբ հռչակավոր պատմագիր Իբն ալ Ասիրին (1160-1230թթ.), իր "Աշխարհագրական բառագրքում" ("Քիթաբ Մուջում ալ-Բուլդան") գրում է` "Քարքարը (Կարկառ) քաղաք է Առանում, Բայլականի մոտ, կառուցված Անուշիրվանի կողմից: …Նրա մոտ է Հիսն ար- Ռանը" (*1) : Բայլականը Առանի հնագույն քաղաքներից էր, գտվում է Արցախի Մուխանք գավառում: Նրա մասին հիշատակել է նաեւ Ստրաբոնը: Հիսն ար-Ռանը Խաչենի բերդն է, որին հետագայում Կաչաղակաբերդ են անվանել:
Կարկառ բերդի մասին վկայում է նաեւ միջնադարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Նա իր պատմությունում նկարագրում է, որ Ջրաբերդը, Ականա եւ Կարկառ բերդերը ետ ստանալու նպատակով Հասան Ջալալյան իշխանաց իշխանը նախ մեկնում է Բաթու խանի մոտ, ապա Կարա-կորում` Մանգու խանի մոտ: Իսկ որ Կարկառ գետակի վրա այլ նշանավոր բերդ չկա, փաստ է: Եւ ոչ թե բերդն է իր անունը ստացել գետակից, այլ գետակն է իր անունը ստացել նշանավոր բերդից: Հենց բերդի Քարքար (Կարկառ) անունը այդ մասին է հուշում մեզ:
Քարքար անունով բերդերի շարք կա Իրանի եւ պատմական Հայքի հարավում, որոնց նման անվանումը կապվում է Ասորեստանի դեմ կիմմերների եւ Ուրարտուի միացյալ հաղթանակներով: Հավանական է Արցախի Կարկառից այդ անվան տեղափոխելը դեպի հարավ վարկածը: Մի քանի բերդերի վրա մինչ օրս պահպանվել է այդ անվանումը` Խարխար, Խարբերդ ձեւերով:
Շուշի անվանը առաջին անգամ հանդիպում ենք Տեր Մանուելի` 1428 թ. Շուշիում ստեղծած Ավետարանում, որը պահվում է Երեւանի Մատենադարանում: Հիշատակարանում նշված է գյուղի " Շուշու" անվանումը, եւ որ Ավետարանը գրվել է Սբ. Աստվածածին եկեղեցու հովանու ներքո: Շոշում այդ անունով եկեղեցի չի եղել: Հետազոտությունները պարզել են, որ Շուշիում գոյություն է ունեցել Սբ.Աստվածածին եկեղեցի: Այն հետագայում վեր է ածվել ռուս-հունական եկեղեցու եւ քանդվել է 1954 թ. Շուշիի իշխանությունների կողմից: Սարահարթի վերին մասում (այժմյան բերդաքաղաքիտարածքում) հնուց ի վեր Շուշի անունով գյուղ է եղել: Դրա ապացույցն է նաեւ երբեմն շինարարական կամ կոմունիկացիոն նպատակներով արված փորվածքներում թաղածածկ տների շարվածքների հանդիպման փաստը:
Շուշիին վերաբերող վավերագրերի ժողովածուում ընդգրկել եմ 15-րդ դարի երկրորդ կեսից շահական ֆիրմաններ, կալվածագրեր, եկեղեցական գրություններ: 17-րդ դարից ընդգրկել եմ շուրջ 20 վավերագրեր: Առավել հարուստ է Հայկական սղնախների շրջանը (18-րդ դարի առաջին քառորդ): Հայտնի է, որ այն ժամանակ թուրքական բանակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով ստեղծվել էր Հայկական սղնախներ ռազմաքաղաքական կառույց, որը գլխավորում էին Եսայի Ջալալյան կաթողիկոսն ու Ավան զորավարը: Արցախում էր գտնվում Պետրոս Առաջինի ներկայացուցիչ Իվան Կարապետը: Ռուսական արքունիքի հետ նամակագրական ակտիվ կապը այդ ժամանակների վերաբերյալ հարուստ տեղեկատվություն է պարունակում: Այս եւ Խամսայի մելիքությունների ժամանակաշրջանի վավերագրերի օգնությամբ լրիվ պարզվում են մելիքական տոհմածառերը: Խանական շրջանից պահպանվել են Սարուջալուի ցեղապետ, Նադիր շահի կողմից հետապնդվող ավազակապետ, ապա եւ Շուշիի խան կարգված Փանահ Ալիի հետ կապված վավերագրեր: Ժողովածուի մեջ ընդգրկվում են միջեկեղեցական պայքարի մասին վավերագրերը: Դրանք ուսումնասիրելիս պարզվում է, որ 18-րդ դարի երկրորդ կեսի հայ իրականության մեջ ամենազարգացած ու գրագետ մարդկանցից էր Երիցմանկանց Իսրայել կաթողիկոսը: Այդ մասին են վկայում նրա գրությունները, համախոսականները: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Սիմոն Երեւանցի կաթողիկոսի` մինչ այժմ չհրապարակված գրությունները: Հայտնի է, որ նա առանձին եռանդով է հալածել Հովսեփ Էմինին, հայ առաջին հրապարակախոս, արցախցի Մովսես Բաղրամյանին, ժամանակի հայ ազատագրական շարժման մյուս նվիրյալներին: Ես ոչ ոքի չեմ դատապարտում, առավել եւս` Սիմոն կաթողիկոսին, որն իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկն էր: Նյութերը կընթերցեք, ինքներդ կդատեք: Այս հատորում առանձնակի տեղ եմ հատկացնում Եփրեմ կաթողիկոսի` Շուշի փախչելու հանգամանքներին վերաբերող վավերագրերին: Պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզան ծրագրել էր Իրանում գտնվող Սբ. Թադեի վանք տեղափոխել հայոց կաթողիկոսի նստավայրն ու կաթողիկոսին: Ներկայացնում եմ դրա հետ կապված պարսկական, Երեվանի խանի, Ներսես Աշտարակեցու, Սինոդի, ռուսական արքունիքի, Եփրեմի նամակները, այլ վավերագրեր: Եթե դրան գումարենք Մեսրոպ Թաղիադյանի ճամփորդական գրառումները, ապա կարելի է ասել, որ վեպն արդեն պատրաստ է:
Կարծում եմ, որ մատենաշարի այս հատորին առանձին հմայք կհաղորդի կնիքների մասին բաժինը: Մելիքական, կաթողիկոսական գրությունները, համախոսականները հարյուրավոր կնիքներ են պարունակում: Այդ կնիքների մի մասը, մանավանդ 16-18-րդ դարերում, պարսկերեն գրություն են պարունակում:
Եթե գտնվեն համապատասխան միջոցներ, ապա գիրքը շուտով լույս կտեսնի:



*1 Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Հ.Թ.Նալբանդյանի թարգմանությամբ, Երևան, 1965, էջ 103: (Յակուտ ալ Համավի, Քիթաբ Մուջում ալ Բուլդան, 4-րդ գիրք):


 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: