Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Շուշիի 2005 թ. պեղումների հիմնական արդյունքները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Գործադիր ամփոփում. 2005 թ. հունիս-հուլիս ամիսներին ՀՀ ԳԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը` գլխավորությամբ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի, անդամությամբ հնագետներ Նորա Աբրահամյանի /ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտ/ եւ Վարդգես Սաֆարյանի /Արցախի պետական համալսարան/, ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի եւ Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանի, ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացրել ԼՂՀ Շուշի քաղաքում եւ նրա շրջակայքում: Պեղումներն իրականացվել են “Շուշի” հիմնադրամի /նախագահ` Բակուր Կարապետյան, գործադիր տնօրեն` Սեւակ Արծրունի/ նախաձեռնությամբ եւ “Ժան Պողոսյան եւ որդիներ” հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Սույն նախնական հաշվետվությունը համապատասխան գերատեսչություններին եւ շահագրգիռ կազմակերպություններին է ներկայացնում հետազոտությունների առաջին արդյունքները: Հետազոտությունը, ինչպես եւ նախատեսված էր, ընթացել է երկու հիմնական ուղղություններով` հնագույն դամբարանների պեղումներ, որոնց նպատակն է հայերի կազմավորման խնդիրները լեռնաշխարհի այս հատվածում լուրջ գիտական հիմքերի վրա դնելը, եւ միջին դարերի հուշարձանների պեղումներ, որոնց նպատակն է ապացուցել Շուշիի սարահարթի բնակեցված լինելն ու տեղում հայկական մշակույթի առկայությունը մինչեւ Փանահի հայտնվելը: Պեղումների երկրորդ կարեւոր նպատակը մշակութային տուրիզմի գրավիչ հեռանկարներ ստեղծելն է: Կարելի է վավերացնել, որ բոլոր ուղղություններում էլ առկա են լուրջ արդյունքներ:
Երկաթեդարյան դամբարանների պեղումները. Շուշիի պարիսպներին հյուսիսից եւ հյուսիս-արեւելքից հարող երկու դամբարանադաշտերում պեղվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբով թվագրվող մեկական դամբարաններ, որոնք ոչ միայն ունեն խիստ դիտարժան ճարտարապետական լուծումներ, այլեւ տվել են բրոնզե իրերի եւ զարդերի, երկաթե զենքի ու խեցե իրերի հարյուրավոր նմուշներ: Վստահաբար կարող ենք ասել, որ վերականգնումից հետո այդ իրերը մեծ շուք կարող են հաղորդել թանգարանային ցանկացած ցուցադրությանը: Կենդանակերպ վերջույթներով ու ծորակներով տասնյակ անոթները վկայում են պատրաստման բարձր վարպետության եւ գեղարվեստական նուրբ ճաշակի մասին, ներկայացնում են հնաբնակների հավատալիքներն ու պատկերացումները:
Հայ-հունական եւ Հին հանգստարանների հետախուզական պեղումները. Շուշիի արեւելյան պարսպապատին կից` այսպես կոչվող Հայ-հունական գերեզմանոցի հին հատվածի պեղումները ցույց տվեցին, որ այստեղ 12-13-րդ դդ. եղել է հայկական գերեզմանոց, որի խաչքարերը հետագայում` 19-րդ դ. կեսերին, օգտագործվել են նոր թաղումների վրա: Այստեղ վավերացված 12-13-րդ դդ. հինգ խաչքարերը վկայում են, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված էր Խաչենի հայկական իշխանության ամենածաղկուն դարաշրջանում: Այժմ հերթական խնդիրն է գտնել համապատասխան բնակավայրը, որին պատկանել են խաչքարերը:
Հետաքրքիր են նաեւ քաղաքի Հին հանգստարանի մի մասի մաքրման հետեւանքով բացված տապանաքարերը: Նրանցից մեկն էլ թվագրված է 1771 թ., ինչը փաստորեն այսօր Շուշիի` պարսպապատերի մեջ առնված տարածքի ամենահին հայերեն արձանագրությունն է:
Կարկառ ամրոցի *1 հայտնաբերումն ու պեղումները. Չափազանց ուշագրավ կարելի է համարել Հունոտի կիճի` Ավանի կարան կոչվող ամրացված քարանձավի մոտ ամրոցի հետախուզական պեղումները: Նրա վերին հարթակի մաքրման ժամանակ բացված թոնրի շրջակայքից եւ լիցքից գտնվել են 12-14-րդ դդ. վերաբերող նյութերի բազմաթիվ նմուշներ: Հատուկ նշելու արժանի են մոնղոլական տիպի նետասլաքն ու չինական սելադոնի բեկորը, որոնք ոչ միայն ապացուցում են, որ Շուշիի սարահարթի արեւելյան մասը`Հունոտի կիրճը, բնակեցված էր այդ ժամանակ, այլեւ այն, որ այստեղով անցնում էր առեւտրական մի ճանապարհ, որի պահպանության համար էլ Խաչենի իշխանները ստեղծել էին այս ամրությունները: Այս նոր տվյալները հիմք են տալիս հենց այստեղ տեղադրել պատմիչների հիշատակած Կարկառ ամրոցը, որը 17-րդ դարի վերջին` հայ ազատագրական շարժումների ժամանակ, վերակառուցվեց եւ ստացավ Ավանի կամ Փոքր սղնախ անունը: Նախնական եզրակացությունն այն է, որ ոչ միայն թուրք եկվորները , այլեւ նրանցից առաջ հայ Մելիք Շահնազարն ու Ավան հարյուրապետը 18-րդ դարի սկզբին ամրացրել ու վերակառուցել են արդեն դարեր առաջ հայ իշխանների կողմից հիմնված ու կարեւոր դեր ստացած ամրակետերը:
Շոշվա *2 սղնախի հայտնաբերումն ու պեղումները. Շուշիի պարսպապատերի մանրամասն դիտումների ու համապատասխան մասնագիտական գրականության քննությամբ մեզ հաջողվել է պարզել, որ Շուշիի ներկա տարածքում Փանահի կողմից պարիսպների կառուցումը /18-րդ դարի 50-ական թվականներ/ եղած ամրոցներից մեկի ավերակները համընկնում են Մխիթարաշենի դարպասների մոտ գտնվող պարսպահատվածին: Այստեղ ձեռնարկած լայնածավալ պեղումները, թեեւ դեռ հեռու են ավարտից, բայց արդեն տվել են լուրջ տվյալներ, որոնք վկայում են, որ պարսպապատերից ներս գտնվող այս հատվածը բնակեցված է եղել գոնե մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբից:
Սա մի լուրջ տվյալ է` վերջ դնելու Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահի կողմից բնակեցված լինելու ադրբեջանական առասպելին: Այս կարեւոր հատվածի պեղումները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի, եւ հուսով ենք, որ արդյունքում կհաջողվի մինչփանահյան հայկական մի հզոր կառույց էլ փաստագրել` այս անգամ արդեն քաղաքային պարիսպներից ներս: Սա ավելի խիստ հեռանկարային եւ կարեւոր է թվում, քանի որ այն գտնվում է Շոշ գյուղի համարյա դիմաց եւ ընդամենը 250 մ է հեռու խաչքարերով գերեզմանոցից: Գուցե ի դեմս այս ամրոցի հնարավոր լինի վավերացնել հռչակավոր Շոշի քարը կամ սղնախը, որից էլ, ըստ որոշ կարծիքների, Շուշի քաղաքը ստացել է իր անվանումը: Հուսով ենք, որ արդյունքների համապարփակ եւ մանրամասն գիտական քննությունը, որին արդեն ձեռնամուխ է եղել արշավախմբի գիտական անձնակազմը, է’լ ավելի ընդարձակ եւ խորը եզրակացությունների կարող է հանգեցնել:
Պեղումներով հայտաբերված հնագիտական նյութերը` տարբեր իրեր ու իրերի /հատկապես խեցանոթների/ մոտ երկու հազար բեկորներ, ժամանակավորապես տեղափոխվել են Երեւան եւ այժմ լաբորատոր քննության ու վերականգնման գործընթացի մեջ են: Նշված աշխատանքներն ավարտելուց հետո թիվ 71 դամբարանի նյութերը /որոնց մի մասը մինչեւ պեղումներն արդեն գրանցում են ստացել Շուշիի պատմաերկրագիտական թանգարանում/, արդեն մաքրված եւ վերականգնված վիճակում, համապատասխան ընթացակարգով կհանձնվեն Շուշիի պատմաերկրագիտական թանգարանին: Մնացած պեղավայրերի նյութերի վերջնական հանգրվանի հարցը կլուծվի ԼՂՀ կառավարության համապատասխան որոշումով:
Շուշիի պեղումները կարեւոր մի փուլ են հայրենի պատմության եւ մշակույթի հետազոտության, վերականգնման, պրոպագանդման ու նրա լավագույն ավանդույթների կիրառման մեծ ճանապարհին, ուստի խիստ ցանկալի է, որ դրանք նաեւ պետական հոգածության առարկա դառնան:


Շուշիի հնագիտական հետազոտությունների ղեկավար,
պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյան
10 հունվարի 2006 թ.



*1.Սխալ է Ավանի քարանձավի մոտ գտնվող ամրոցը Կարկառի ամրոց անվանելը, քանի որ ըստ բազմաթիվ աղբյուրների` արաբ աշխարհագետ Համավի, պատմիչ Կիրակոս Գանձակեցի, ողջ բերդն է կրել Կարկառ անունը: Եւ կիրճով հոսող գետակը իր անունը ստացել է բերդից, եւ ոչ թե` հակառակը: Իսկ Ավանի կարան կոչվող քարանձավը, որը մյուս քարանձավների ու ամրոցների հետ կազմել է Կարկառի բերդի պաշտպանական համակարգի մի մասը, երբեք Կարկառ չի կոչվել /Ծանոթագրությունները` խմբագրի կողմից/:
*2. Շոշ գյուղի ու Շուշի բերդի կամ Կարկառի բերդի միջեւ ընկած են եղել Հունոտ եւ Մխիթարաշեն գյուղերը: 18-րդ դարի 1-ին քառորդում այստեղ հիմնված սղնախը, որը ընդգրկվել է Հայկական սղնախներ ռազմական կազմավորման համակարգում, կոչվել է Շուշիի սղնախ կամ Փոքր սղնախ, որն ապացուցում են այդ ժամանակաշրջանի տասնյակ վավերագրեր: Իսկ սարահարթի Շուշի գյուղիմասին առաջին տեղեկությունը հաղորդել է Տեր-Մանուել գրիչը 1428 թ. Շուշիի Ավետարանի հիշատակարանում: Ուրեմն` Շուշի անունը ոչ թե Փանահն է բերել, այլ այն եղել է հնուց:


 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: