|
Շուշի քաղաքի մահմեդական պաշտամունքային կառույցների հորինվածքային առանձնահատկությունները
Շուշի քաղաքը Հայաստանի հինավուրց բնակավայրերից է, որը պատմական դեպքերի բերումով, իր քաղաքաշինական եւ ճարտարապետական ժառանգությամբ հանդերձ, վերջին հարյուրամյակում գտնվեց անբարենպաստ պայմաններում: Շուշիի ազատագրումն իր ընթացքը շարունակում է նաեւ հայ ժողովրդի մշակութային վերելքով, այդ թվում եւ բնակավայրի վերակառուցմամբ ու արդիական զարգացմամբ: Այս առումով քաղաքի մասամբ ավերված վիճակը թելադրում է ծավալված քաղաքաշինական ու ճարտարապետական հետազոտական միջոցառումներն իրականացնել նաեւ պատմատեսական խորքով: Այստեղ ուսումնասիրության ենթակա են քաղաքի պատմաքաղաքաշինական ենթատեքստը, հուշարձանային ժառանգությունը, այդ թվում` բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերն ու պաշտամունքային կառույցները, ու դրանց պահպանման խնդիրները: Ինչպես հայկական բոլոր քաղաքները, Շուշին նույնպես ունեցել է բազմազգ բնակչություն եւ համապատասխան կառույցներ, այդ թվում` մահմեդական պաշտամունքային հուշարձաններ: Մինչեւ հայկական Մեծ եղեռնի տարիները մահմեդական կառույցներ եղել են Արեւելյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքների, ինչպես նաեւ պատմական Կիլիկիայի գերակշռող բնակավայրերում: Փաստորեն, հայկական քաղաքներում եղած մահմեդական պաշտամունքային շենքերը նաեւ տեղական ժառանգություն են, եթե նկատի առնենք, որ դրանց կառուցման վրա աշխատել են հիմնականում հայ վարպետները: Այդ շենքերը մշակույթների փոխազդեցության կնիքն ունեն, եւ պատմական առումով դրանց ծալքերում կան չպարզաբանված հարցեր: Այսինքն` դրանց ուսումնասիրությունը անհրաժեշտություն է` լինի փաստագրական, թե տիպաբանական, հորինվածքային, շինարվեստի եւ հուշարձանապահպանության տեսանկյունից: Փաստորեն այդ մահմեդական կառույցները պատմական քաղաքների ժառանգությունն են եւ քաղաքաշինական հարստության բաղկացուցիչ մասը:
Սույն հաղորդման նպատակն է նախնական տվյալների լույսի տակ կատարել Շուշիի մահմեդական պաշտամունքային կառույցների բնութագրումը: Գիտական խնդիրներ են. Շուշի քաղաքի օրինակով վերանայել մահմեդական պաշտամունքային շենքերի մասին հասած տեղեկությունները, գրաֆիկական եւ այլ փաստագրական նյութերը, համեմատել դրանք իսլամական ճարտարապետության տեսապատմական տվյալների հետ, որպեսզի հնարավոր լինի դրանց ճանաչողական մեկնաբանությունը, համապատասխան հուշարձանային կոնվենցիոն դասումը եւ պահպանության միջոցների կայացումը:
Շնորհիվ վերջին մի քանի տարիներին կատարված դաշտային աշխատանքների` այսօր Շուշի քաղաքից մեր տրամադրության տակ ունենք շուրջ երկու տասնյակ մահմեդական պաշտամունքային հուշարձանների թերի ամբողջական վավերագրերը, որոնք իրականացվել են ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամի ՙՇուշի բերդաքաղաքի եւ նրա մշակութային ժառանգության ուսումնասիրման ու քաղաքի զարգացման համալիր ծրագրով՚: Փաստորեն, Շուշիի մահմեդական պաշտամունքային շենքերին նվիրված աշխատություն դեռեւս գոյություն չունի: Քաղաքի Գոխար աղայի ուրբաթօրյա մզկիթին ինչ-որ չափով անդրադարձել է Ա.Վ. Սալամզադեն իր ՙԱզրբեյջանի ճարտարապետությունը xvi-xix դարերում՚ գրքում (Բաքու, 1964, էջեր 38,146): Խնդրո առարկա շենքերի մասին մի փոքր ավելի հանգամանալի անդրադարձ կա Էլթուրան Ավալովի` քաղաքին եւ նրա հուշարձանների պահպանությանը նվիրված աշխատությունում (Բաքու, 1977 թ.): Հայկական իրականությունում Շուշիի մահմեդական շենքերը ուսումնասիրող աշխատություն չկա: Քաղաքի մասին որոշ տեղեկություններ կան աշխարհագրագետ Ռուբեն Հ. Գասպարյանի աշխատությունում (Երեւան, 1993թ.), Շահեն Մկրտչյանի հեղինակությամբ կազմված ՙՇուշի (փոստային հին բացիկներ)՚ գրքում (Երեւան, 1990թ.), Մանվել Սարգսյանի ՙՔաղաքաշինական ուսումնասիրությունում՚ (Երեւան, 1996թ.), Բակուր Կարապետյանի` Շուշիի պատմությանը նվիրված հետազոտությունում (Երեւան, 2000թ.) եւ այլ աշխատություններում: Շուշիի ճարտարապետության մի համառոտ տեղեկություն շարադրված է Մուրադ Հասրաթյանի հանրագիտարանային հոդվածում (ՀՍՀ, հտ.8, էջ 601), որը գրեթե նույնությամբ արտատպվել է ՙՀայաստանի եւ հարակից տարածքների տեղանունների բառարանում՚ (հտ.4, էջ161-163): Այնուամենայնիվ, փաստ է , որ Շուշիի մահմեդական պաշտամունքային շենքերից եւ ոչ մեկը չի ընդգրկվել իսլամական ճարտարապետությունն ուսումնասիրող աշխատությունների էջերում` ըստ երեւույթին, նկատի ունենալով դրանց ճարտարապետական սովորական արժեքը:
Ներկա դրությամբ Շուշիում եղած բոլոր մահմեդական պաշտամունքային շենքերը թվագրվել են xix դարով: Իհարկե, պետք է կարծել որ դրանց թվում կլինեն xviii դարի կառույցներ եւս` հաշվի առնելով, որ քաղաքում այդ ժամանակներում հայերի հետ եղել է մահմեդական բնակչություն: Փաստորեն այդ պաշտամունքային շենքերը, իրենց առանձնահատկություններով, ունեն համապատասխան աշխարհագրական միջավայր, որը միջանկյալ տեղ է գրավում Թավրիզի, Բաքվի, Գանձակի, Թբիլիսիի, Երեւանի, Վանի, Կարինի, Սեբաստիայի եւ այլ տարածքների միջեւ:
Երեք տիպային խմբերով ներկայացվող մահմեդական հուշարձանները` իրենց քաղաքաշինական տեղեկություններով, թաղամասային տարածքներում են, եւ մեկը` Գոխար աղայի մզկիթը, գտնվում է քաղաքի կենտրոնում: Այսպես, եղած նյութերը հավաստում են, որ Շուշի քաղաքի հատակագծումը ունի տիպիկ միջնադարյան կառուցվածք, դրանում թաղամասերի բաժանումը կատարվել է ըստ ծխական պաշտամունքային շենքերի: Այսինքն` յուրաքանչյուր քրիստոնեական թաղ ունեցել է իր եկեղեցին, յուրաքանչյուր մահմեդական մահլա ունեցել է իր մզկիթը: Սա կարեւոր հանգամանք է քաղաքի հատակագծային կառուցվածքը մանրամասնելու համար: Այս առումով մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ քաղաքի էթնիկական կազմով պայմանավորված` նրա առեւտրահասարակական համալիրը բաժանված էր երկու մասի այնպես, որ հայկական մասը ուներ իր մայր տաճարը, իսկ մահմեդականը` իր մեջեթը կամ ուրբաթօրյա մզկիթը` հանձին Գոխար աղայի պաշտատեղիի:
Պարզաբանելու համար, թե ինչ ճարտարապետական բնութագիր ունեն Շուշի քաղաքի մզկիթները, մի փոքր անդրադառնանք իսլամական ճարտարապետության մի քանի պատմատեսական հարցերին:
Սովորաբար մահմեդական ճարտարապետության պաշտամունքային կառույցները (*1) բաժանվում են երեք խմբերի` մզկիթներ, մեդրեսեներ կամ կրոնական դպրոցներ եւ մեմորիալներ (*2) : Մզկիթը իր գործառությամբ բովանդակում է իվանը կամ մուտքային հանգույցը` իր հարակից լվացման ծեսի եւ մինարեթի հարակցությամբ (*3) : Մուտքային հանգույցը բացվում է դեպի աղոթասրահը կամ Սահնը, որ կարող է լինել սյունասրահային կամ բազիլիկ լուծումներով: Աղոթասրահում ծեսը կատարվում է դեպի մեհրաբի որմնախորշը, որն իր ճակատային հարթությամբ պարտադիր կարգով ուղղված պետք է լինի դեպի Մեքքայի Կաաբան:
Մահմեդական նշված պաշտամունքային շենքերի տեսակները եւ հիմնականում մզկիթները տիպավորվում են ըստ մեծության եւ տարածքային պատկանելության: Ըստ մեծության` մզկիթները ենթաբաժանվում են` Մեսջիդի, Ջամիի, Իդկահի եւ վանքային կենտրոնի (*4) : Մեսջիդը ամենօրյա աղոթավայր է, որը սովորաբար գտնվում է քաղաքների բնակելի թաղերի տնամերձ տարածքներում: Մեսջիդը, ի տարբերություն մեմորիալների, պարտադիր պետք է ունենա մեհրաբ: Մեմորիալները նույնպես բազմազան են. այստեղ խոսքը վերաբերում է փոքր զիարեթներին, որոնք նույնպես գտնվում են տնամերձ տարածքներում եւ լինում են առանձին կանգնած կառույցներ կամ համատեղվում են այլ համալիրների կազմում: Վերջինները փաստորեն աղոթելու համար չեն, այլ սոսկ այցելության (*5) : Ջամին, ի տարբերություն մեսջիդի, ունի մինբար կամ քարոզի պատվանդան: Շատ դեպքերում այն անվանվում է նաեւ ուրբաթօրյա մզկիթ: Սովորաբար այս մզկիթները գտնվում են շրջանային հրապարակներում եւ մեսջիդից չափերով մեծ են: Իտիկահը քաղաքային կենտրոններում մեծ տոնական հավաքների մզկիթն է, որը սովորաբար անվանվում է Ուլու ջամի: Իտիկահը ունի աղոթքի համար մեծ տարածություն, հնարավոր է նաեւ մեհրաբների շարք: Քաղաքներին կից եւ քաղաքներում լինում են նաեւ մզկիթների վանքային համալիրներ, որտեղ պատրաստում են կրոնավորների: Այն փաստորեն նույն ֆունկցիան ունի, ինչ` մեծագույն մեդրեսեները: Մեդրեսեները նույնպես ունեն փոքր եւ միջին տարբերակներ, որոնք հանդիպում են բակային եւ գմբեթածածկ հորինվածքներով: Դրանք հորինվածքային առումով տարբեր են պարսկական, օսմանական, հեռավորարեւելյան, միջինասիական եւ արաբական տարածքներում:
Հաջորդ էջ
*1 Այս և այլ տեղեկությունները մահմեդական պաշտամունքային ճարտարապետության մասին քաղվել են`Arcitecture of the Islamic World, Its history and Social meaning, edited by George Michell, Presented by Dar Al-Handasah Consultants, Tames & Hudson Ltd. London, 1978.
*2 James Dickie ( Yaqub Zaki), All and Etirnity: Mosques, Madrasas and Tombs, Arcitecture of the Islamic World, Its history and Social meaning, edited by George Michell, Presented by Dar Al-Handasah Consultants, Tames & Hudson Ltd. London, 1978, pp. 15-47.
*3 Անդ, էջ 21-22:
*4 Անդ, էջ 18:
*5 Oleg Grabar, The Architecture of Power: Palaces, Citadels anf Fortification, , Arcitecture of the Islamic World, Its history and Social meaning, edited by George Michell, Presented by Dar Al-Handasah Consultants, Tames & Hudson Ltd. London, 1978, pp.56-61.
|