Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Սարհատ Պետրոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Շուշիի պատմամշակութային ժառանգության հետազոտության առաջին արդյունքները եւ հեռանկարները
Շուշիի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման արդյունքները



Հայկական միակ կանգուն մնացած բերդաքաղաք Շուշին, 20-րդ դարի վերջին վերաիմաստավորելով իր երբեմնի դերը հայ ժողովրդի ու տարածաշրջանի համար, հանդիսացավ Արցախի ազատագրման անկյունաքարը: Շուշի բերդաքաղաքը, մեզ համար ունենալով կարեւոր նշանակություն, դեռեւս մնում է քիչ ուսումնասիրված: Այսօր կան ընդամենը մի քանի աշխատություններ քաղաքի պատմության եւ մշակութային ժառանգության մասին: Դրանցից մի քանիսն են միայն արհեստավարժ մակարդակի վրա ուսումնասիրել Շուշի քաղաքի զարգացման տարբեր դրվագները:
Սարհատ Պետրոսյան2003 թվականից սկսած ՙՇուշի՚ հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՙԺան Պողոսյան եւ որդիք՚ հիմնադրամի նյութական աջակցությամբ իրականացվել են Շուշի քաղաքի պատմական ժառանգության ուսումնասիրման աշխատանքներ: Վերջին երեք տարիներին իրականացվել են Շուշի քաղաքի տարածքում հաշվառված մոտ 220 պատմական, ճարտարապետական եւ գեղարվեստական արժեք ունեցող շինությունների չափագրում եւ ուսումնասիրում: Աշխատանքներին տարբեր տարիներին մասնակցել են Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) շուրջ 50 ուսանողներ, ինչպես նաեւ դասախոսներ, անհատ ճարտարապետներ:
Այդ աշխատանքները ամփոփված են 450 էջանոց գծագրերի կատալոգում: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2007 թվականին:
Շուշի քաղաքի հիմնադրման ժամանակը Բաքվի գիտնականները համարում էին 18-րդ դարի կեսը: Շուշի քաղաքի` մեզ հասած ներկա կառուցվածքի մասին կարելի է խոսել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին Շուշիում բնակություն հաստատած Մելիք Շահնազարի ու Փանահի կողմից կատարված շինարարությամբ: Հայտնի է, որ նրանց` բերդում հասատատվելուն պես սկսվել է ամրոցների կառուցումը: Փանահ խանը իր ամրությունը կառուցում է բերդապատկան տարածքի համեմատաբար ցածրադիր հատվածումª Ավան հարյուրապետի ամրոցի հարեւանությամբ: Մելիք Շահնազարը իր ամրոցը կառուցել է սարահարթի կենտրոնական հատվածում: Այս շրջանում ամրոց են տեղափոխում նոր վերաբնակներ շրջակա գյուղերից` շինարարական աշխատանքներին մասնակցելու համար: Մելիք Շահնազարի ամրոցի հարեւանությամբ վերաբնակվում են Նախիջեւան գավառի Ղազանչի գյուղի բնակիչները, ավելի ուշ` Ագուլիս քաղաքից գաղթածները: Նույնը կատարվում էր նաեւ Փանահի ամրոցի շրջակայքում: Այս փաստը կարեւոր է այնքանով, որ քաղաքն սկսեց զարգանալ երկու տվյալ դեպքում ՙքաղաքաստեղծ գործոնների՚ շուրջը:
1853 թ. ռուս ռազմական ինժեներների կողմից մշակվել է Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը, ինչը քաղաքի ամենաամբողջական ու ընդգրկուն քաղաքաշինական փաստաթուղթն է: Այստեղ հիմնականում ձեւավորված են թաղամասերը` իրենց փողոցային ցանցով եւ հրապարակներով: Ելիզավետոպոլյան դարպասների հարեւանությամբ Դիվանխանայի հրապարակն էր, որտեղ գտնվում էր Շուշիի միակ ուղղափառ եկեղեցին եւ դիվանխանան: Վերջինս սկզբում եղել է Մեհտի Ղուլի խանի ամրոցը, ավելի ուշ վերածվել է ռուսական ռազմական վարչական շտաբի: Այս հրապարակում եղել են նաեւ երկու երկհարկանի քարավանատներ:
Վերին` հայկական մասի կենտրոնական հատվածում Երեւանյան դարպասներից եկող ճանապարհի ուղղությամբ գտնվում էր Թոփխանայի հրապարակը: Այն քաղաքի հայկական մասի հասարակական եւ առեւտրական հիմնական կենտրոնն էր: Հրապարակ էին մտնում հինգ փողոցներ, որոնք հայկական հինգ եկեղեցիներից եկող ամենակարճ ճանապարհներն էին: Սա շատ տարածված սկզբունք էր եւրոպական ուշ միջնադարի մի շարք քաղաքներում: Քաղաքի ստորին մասը սկզբունքային տարբերություն ունի հայերով բնակեցված տարածքների համեմատ: Քաղաքի այդ մասը ուսումնասիրողների շրջանում հաճախ կոչվում է մահմեդական թաղ: Ճիշտ է, այդտեղ է կենտրոնացված եղել քաղաքի մահմեդական բնակչությունը, որը կազմում էին քոչվոր թաթարական ցեղերի հետնորդները եւ իրանական ծագում ունեցող այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, սակայն այդ մասում են ապրել նաեւ ռուս զինվորականների ընտանիքները: Այդտեղ եղել է նույնիսկ հրեաներով բնակեցված թաղամաս, որը կոչվել է Ջհուդլար: Քաղաքի այդ հատվածում բնակվել են նաեւ հայեր, այդտեղ է գտնվում հայ մեծանուն մտավորական, պատմաբան Լեոյի տունը:
Քաղաքի գլխավոր հրապարակներից մեկըª Մեյդանը, գտնվում էր Դիվանխանայի հրապարակից հարավ: Մեյդանի հրապարակում Ռաստա բազարի առանցքով տեղադրված էր Մեծ կամ Վերին մզկիթը: Այն Շուշիի գլխավոր մահմեդական պաշտամունքային կառույցն էր: Այդ եւ Շուշիի մյուս մահմեդական պաշտամունքային կառույցների ճարտարապետական լուծումները ՙավելի շատ պատկանում են բնակելի պալատական, քան պաշտամունքային շինության տիպին՚: Հրապարակի անկյունային մասում էին գտնվում քաղաքի երկու խոշոր` Թարխանյանների եւ Սաֆարովների քարավանատները:
Փողոցները հիմնականում սալարկված էին: Մայթերը պատված են եղել մեծակտոր քարերով: Նմանատիպ մի քանի փողոցներ այսօր հասել են մեզ *1: Դրանցում հիմնականում օգտագործվել է տեղի կաթնագույն կրաքարը:
Ցարական Ռուսաստանի տապալումը եւ մուսավաթական պետական քաղաքականությունը բերում են Շուշի քաղաքի լիակատար ավերման: 1920 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը Խոսրով բեկ Սուլթանովի ղեկավարած ավազակախումբը հրդեհում է քաղաքի ամբողջ վերին` հայկական մասը:
Լեռնային Ղարաբաղի կցումը Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը բերեց քաղաքի կարգավիճակի կորստին: 1921 թ. քաղաքում բնակվում էր 9223 մարդ` նախկին 40 հազարի փոխարեն: Այդ թիվը 1920-ական թթ. վերջին նվազեց 3000-ի: Խորհրդային Ադրբեջանի կազմում Շուշի քաղաքի վերին հատվածը ավերակ էր: Կուսանաց վանքն ամբողջովին ավերված էր: Կիսաքանդ վիճակում էին Ագուլեցոց եւ Մեղրեցոց եկեղեցիները: Ղազանչեցոց եւ Կանաչ եկեղեցիները համեմատաբար լավ էին պահպանվել, առաջինը` երեւի իր չափերի շնորհիվ, երկրորդըª բանուկ մասերից հեռու լինելու պատճառով: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները լծվեցին լայնամասշտաբ ՙվերականգնողական՚ աշխատանքների: 1960-ական թթ. մաքրվեցին քաղաքի վերին մասի պատմական ամբողջ թաղամասերը: Պատահական տեղադրմամբ նոր տիպարային շենքեր կառուցվեցին: Պատմական կառուցապատման ցաք ու ցրիվ հատվածներ մնացին Ռեալական դպրոցի հարեւանությամբ, Ագուլեցոց եւ Ջրաբերդցոց թաղամասերի պակաս մարդաշատ մասերում: Նույնը չի կարելի ասել քաղաքի մյուս հատվածի վերաբերյալ: Այնտեղ կառուցված նոր հինգ հարկանի տիպային բնակելի տները գրեթե կրկնում էին նախկին կառուցապատման ուրվագծերը: Պահպանվեցին բոլոր մզկիթները: Մեծ մզկիթը վերածվեց թանգարանի: Նախկին աղոթատները դարձան մեդրեսեներ` պահպանելով հոգեւոր կառույցի նշանակությունը: Նույնությամբ պահպանվեցին բոլոր կարեւոր նշանակության շինությունները: Քարավանատները վերանորոգվեցին եւ օգտագործվեցին: Այս մասում քանդվեց միակ ուղղափառ եկեղեցին, որի տեղում հառնեց քաղաքի մշակույթի պալատը: Պատերազմը եւս ունեցավ իր ոչ բարենպաստ ազդեցությունը քաղաքի` առանց այն էլ մասնակիորեն պահպանված պատմական միջավայրի վրա: Հրդեհվեցին եւ ավերվեցին մի շարք շինություններ: Սակայն, ի տարբերություն անցյալի, այս անգամ կանգուն մնացին մահմեդական հոգեւոր շինությունները: Անգամ դրանցից մի քանիսն այժմ վերանորոգվում են:
Շուշի քաղաքի պաշտամունքային շինություններն ուսումնասիրվել են ե°ւ հայ, ե°ւ ադրբեջանցի մասնագետների կողմից:
Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1858-1888 թթ., ավերվել է 1920 թ., խորհրդային տարիներին չի գործել, 1992 թվականին օծվել է որպես հայ առաքելական եկեղեցի:
Սբ. Հովհաննես Մկրտչի (Կանաչ) եկեղեցին կառուցվել է 1847 թվականին, ավերվել է 1920 թ., 1960-ական թվականներից ծառայել է որպես հանքային ջրերի ըմպելասրահ, 1992 թ. օծվել է որպես հայ առաքելական եկեղեցի:
Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թ., ավերվել է 1920 թ., մասնակի քանդվել է 1960-ական թթ., խորանը եւ կողային աբսիդները պահպանվել են խորհրդային տարիներին վերածվելով մոտակա հատուկ դպրոցի համար բացօթյա բեմահարթակի:
Կուսանաց վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1816 թվականին, ավերվել է 1920 թ., վերջնականորեն քանդվել է 1960-ական թթ., տեղում ոչինչ չի կառուցվել:
Ագուլեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1822 թ., ավերվել է 1920 թ., քանդվել է 1970-ական թթ., տեղում կառուցվել է տիպային միջնակարգ դպրոց:
Սբ. Գեորգի եկեղեցին քաղաքի միակ ուղղափառ պաշտամունքային կառույցն է: Այն կառուցվել է 1840 թ., ավերվել է 1920 թ., քանդվել է 1954 թ.:
Վերին մզկիթը կառուցվել է 1883 թ., կանգուն է մինչ այժմ: Խորհրդային տարիներին ծառայել է որպես քաղաքի պատմության թանգարան: Մզկիթը պահպանվել է նաեւ քաղաքի ազատագրումից հետո:
Ներքին մզկիթը կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին, մինչեւ այժմ կանգուն է:
Մեկ մինարեթով մզկիթը (Սաաթլի աղոթատուն), կառուցվել է 19-րդ դարում, մինարեթըª 20-րդ դարի սկզբին: Մզկիթը կանգուն է, վնասվել է մինարեթը, վերակառուցվել է 2004-2005 թթ.: Նմանատիպ մոտ 8 աղոթատներ մեր կողմից ուսումնասիրվել են եւ պահպանվել:
Շուշի քաղաքի պատմաճարտարապետական շինությունների չափագրման աշխատանքների ընթացքում չափագրվել են հասարակական շինություններ` առեւտրական, վարչական, ուսումնական, մշակութային, առողջապահական եւ այլ նշանակությամբ: Դրանց թվին են պատկանում`
Թարխանյանների քարավանատունը
Սաֆարով եղբայրների քարավանատունը
շտաբի շենքը
քաղաքային դպրոցը
Ժամհարյանների հիվանդանոցը:
Դեռեւս չափագրման կարիք ունեն Ռեալական ուսումնարանը եւ Մարիամյան օրիորդաց դպրոցը:
Շուշի քաղաքի ճարտարապետական կերպարի ցայտուն օրինակներն են բնակելի ճարտարապետության նմուշները: Դրանցում են արտահայտվել Շուշիի ճարտարապետական հորինվածքի առանձնահատկությունները: Այն հիմնված է Արցախի ամրոց-կացարանների, մելիքական տների ու տեղական բնակելի տան ճարտարապետական ավանդույթների վրա, ավելի ուշ կրել է քաղաքային բնակելի տան ճարտարապետական սկզբունքների ազդեցությունը եւ ձեւավորվել է որպես ուրույն ՙճարտարապետական դպրոց՚:Դրա լավագույն օրինակներն են`
Ժամհարյանների ապարանքը,
Խանի աղջկա ապարանքը,
Թարխանյանների տունը,
Մեհմանդարովների տունը:
Շուշի քաղաքի պատմական շինությունների թվին են պատկանում նաեւ տարատեսակ նշանակությամբ կառույցներª պաշտամունքային կառույցներ, արտադրական եւ պահեստային շինություններ, աղբյուրներ, բաղնիք եւ այլն:
Շուշի քաղաքի պաշտամունքային կառույցները (եկեղեցիները եւ մզկիթները) հիմնականում
ուսումնասիրվել են: Հիմնադրամի արշավախմբերի կողմից հիմնականում ուշադրության են արժանացել մահմեդական աղոթատները, որոնք թե° նախախորհրդային, թե° խորհրդային տարիներին օգտագործվել են որպես մեդրեսեներ (հոգեւոր դպրոցներ): Չափագրվել եւ ուսումնասիրվել են նմանատիպ յոթ շինություններ:
Չափագրվել է նաեւ Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պահպանված մասը, որը խորհրդային տարիներին օգտագործվել է որպես մոտակա դպրոցի համար բեմահարթակ:
Պատմական, ճարտարապետական եւ ճարտարագիտական մեծ եւ յուրահատուկ արժեք են ներկայացնում աղբյուրները` որպես Շուշի քաղաքի պատմական ջրամատակարարման համակարգի բաղկացուցիչ մաս: Չափագրվել են նմանատիպ ութ աղբյուրներ: Նշված չափագրությունների հիման վրա կատարվել են հետեւյալ աշխատանքները.
մի քանի պատմաճարտարապետական արժեք ունեցող շինությունների վերակառուցման
նախագծերի մշակում,
զեկուցումներ տարբեր գիտաժողովներում,
գիտական հոդվածների հրատարակում,
ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար
ատենախոսության պատրաստում,
ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության ֆակուլտետում դիպլոմային նախագծեր,
ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության ֆակուլտետում կուրսային նախագծեր:
Առաջիկայում նախատեսվում է ավարտին հասցնել նշված աշխատանքները, եւ հրատարակել դրանք: 2006-2007 թվականներին նախատեսվում է.
հրատարակել Շուշի քաղաքի ճարտարապետության վերաբերյալ ալբոմ,
կազմակերպել Շուշի քաղաքի կենտրոնում զբոսաշրջության կենտրոնի
ճարտարապետական էսքիզային նախագծի մրցույթ,
պատրաստել Շուշի քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկը` իրենց
պահպանման գոտիներով, եւ ներկայացնել ԼՂՀ Կառավարությանը:


1. 1906 թ. Ղազանչեցոց փողոցի ասֆալտապատման հետեւանքով իսպառ վերացել են բերդաքաղաքի հին շունչը մի կերպ պահպանող խոշոր քարերով պատված մայթերը:
 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: