Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Շուշի, Բակուր Կարապետյան (էսսե), մաս 2-րդ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Մինչ կիրճն իջնելը անցնում եմ հին գերեզմանոցի տարածքով: Շրջված, մուրճի հարվածներից բզկտված տապանաքարերը ծածկվել են հողով, հազիվ կարողանում են ցուցադրել զարդաքանդակների հմայքն ու XVIII-XIX դարերի դամբանագրերի պոեզիան: Հիշում եմ` 80-ականների սկզբին տեսել եմ գերեզմանոցը կանգուն վիճակում, որի ապացույցը իմ նկարահանումներն են: Մի պահ քարակույտի մեջ հայատառ գրեր ունեցող բեկորներ տեսա: Քարերի վրա նուրբ զարդաքանդակներ, դամբանագրերի փշրանքներ են: Նոր միայն ուշադրություն դարձրի գերեզմանոցի տարածքում հայտնված առանձնատներին: Ադրբեջանական իշխանությունների հորդորանքով` քաղաքի նախկին բնակիչները հայկական հին գերեզմանոցի տապանաքարերը ջարդել են, լցրել կառուցվող տների հիմքերը: Մի հարվածով` երկու նապաստակ. վերացնում են հայ բնակիչների, իրական պատմության հետքերը ու միևնույն ժամանակ տան համար որպես շինանյութ են օգտագործում: Հիշում եմ` խորհրդային տարիներին շուշեցի հայ շինարարները պատմում էին, որ տեղի իշխանություններն իրենց ստիպում են ջարդել հայկական տապանաքարերը, պատերի մեջ տեղադրել: Երբ ես շրջում էի ազատագրած տարածքներում, Քարվաճառի շրջանի հայ բնակիչները ցույց էին տալիս իրենց տների պատերի մեջ ագուցված խաչքարերի բեկորները: Իսկ Ծար բերդավանում, որը միջնադարում Դոփյան հարստության իշխանանիստն էր, խաչքարերի բեկորներով դպրոց են կառուցել: Դասարանների պատերից մեզ են նայում միջնադարյան ճոխ ու անկրկնելի զարդամոտիվները, բզկտված պատմության փշրանքներ պարունակող խաչքարերի բեկորները: Ասում են, որ որմնադիրները հայեր են եղել, որոնք խաչքարաբեկորների երեսները դեպի դուրս տեղադրելով, հետագա սերունդների քննությանն են թողել: Ինքս լուսանկարել էի դրանք ու Հայաստանի նկարիչների տան սրահում ցուցահանդես բացել:
Ավելի ուշադիր զննեցի Շուշիի Հին գերեզմանոցի քարաբեկորները: Ականջիս հնչեցին անցյալի հարվածները, մորթվող, փշրանքների վերածվող համամարդկային մշակույթի աղեկտուր ձայները: Ու այս զրնգոցների արանքում քարաբեկորները հիշում են ու պատմում… պատմում են Շուշի անառիկ բերդաքաղաքի երեքհազարամյա պատմությունը:
Շուտով մեզ միացավ Շուշիի թանգարանի տնօրեն Աշոտը, ու շտապեցինք Շուշիի բանտը, որի մոտով պետք է կիրճն իջնեինք: Արցախյան շարժման սկզբին առնվազն երկու անգամ ես "հնարավորություն" ունեցա հայտնվելու Շուշիի բանտում: Առաջինը 1988 թ. նոյեմբերի 7-ին էր, երբ Գալինա Ստարովոյտովայի հետ Շուշի էի գնացել ու Ջդրդուզում խմբված ադրբեջանցիների հետ զրուցում էի եւ միևնույն ժամանակ հեռուստատեսային հաղորդման համար նկարահանուներ իրականացնում: Մեր զրույցի հիմնական թեման Ջդրդուզի դիմացի Խաչին տափում հայկական կողմի ձեռնարկած շինարարությունն ու, ընդհանրապես, Արցախի շուրջը ծավալված հակամարտությունն էր: Դրանից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավար Աբդուռախման Վեզիրովը, ասես հատուկ հրահանգով իրավիճակը սրելու նպատակով, հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, որ Ջդրդուզից դեպի Թոփխանա կիրճի վրայով կամուրջ կգցվի ու նոր տեղում հրաշալի քաղաք կկառուցվի: Հայկական կողմում այն մեծ իրարանցում առաջացրեց, որին ադրբեջանցիները պատասխանեցին Կիրովաբադ-Գանձակում եւ այլ վայրերում հայերի ջարդերով: Հայերն, ի պատասխան, շինանյութեր ու տեխնիկական միջոցներ հասցրին Խաչին տափ, որին ադրբեջանցիները Թոփխանա էին անվանում` հավանաբար, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի շահ Աղա-Մոհամեդ խանը 1795 թ. այստեղից թնդանոթներով ռմբակոծել էր Շուշին, սակայն 32-օրյա պաշարումից հետո հեռացել էր` Թիֆլիսը թալանելու նպատակով: Ես մտադիր էի Շուշիում պատրաստած ռեպորտաժը ցուցադրել Ստեփանակերտում ապաստանած շուշեցի հայերին ու նկարահանել նրանց պատասխանները: Դա յուրօրինակ հեռուստակամուրջ կդառնար իրար հանդիպելու հնարավորությունից վերջնականորեն զրկված բերդաքաղաքի երկու հատվածների միջև: Սակայն Շուշիի շրջգործկոմի նախագահ Ջավադովի (մայրը հայուհի էր, ու Շուշիի ազգայնամոլները հետագայում սպանեցին նրան) հետ զրույցի ժամանակ հայտնվեց շրջանի ոստիկանության պետ Թաղիևը: Նա ասաց, որ ես արդեն իր կոկորդին եմ դեմ առել, քանի որ “մի քանի անգամ գաղտնի նկարահանումներ ես կատարել Շուշիում, այդպես ազգամիջյան հարաբերություններում նոր լարումներ ես մտցնում, եւ ահա այժմ 12 կետերից նշանառուների թիրախում ես գտնվում: Հիմա եթե քեզ սպանեն, ինչ պատասխան պետք է տամ ես”: Արհամարհելով գործկոմի նախագահի կարծիքը` նա հրամայեց հետևել իրեն: Գալինա Ստարովոյտովան պատասխանեց, որ միմիայն գործկոմ կգնանք: Շուտով Շուշի եկավ Ադրբեջանի ՆԳ նախարարի տեղակալ Ռամիզ Մամեդովը, ու մեզ հինգ ժամ պահելուց հետո ազատ արձակեցին: Հաջորդ անգամ ինձ ձերբակալել եւ Շուշիի բանտ էր ուղարկել Ստեփանակերտի օդակայանի պարետ, ՕՄՕՆ-ական կապիտան Հաջիեւը, սակայն ֆիլտրացիոն կետում ռուս սպան ինձ ազատ արձակեց: Ես անմիջապես գնացի Ստեփանակերտի արխիվը, այնտեղ փնտրեցի և գտա Հաջիեւի գործը: Պարզվում է, որ նա մի քանի տարի առաջ աշխատել էր ԼՂԻՄ-ի միլիցիայում, կաշառակերության համար դատապարտվել տասը տարվա ազատազրկման: Բաքվի իշխանությունները 1990 թ. հունվարին բանտից նրան ազատել են, մասնակից դարձրել հայերի դեմ կազմակերպված ջարդերին: Եվ ահա "սխրագործության" համար կապիտանի կոչում են տվել և ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Բերդաքաղաքի ազատագրումից հետո մի քանի անգամ եղել էի Շուշիի բանտում, որտեղ իմ ուշադրությունն էին գրավել հայկական գերեզմաններից բերած տապանաքարերով կառուցած զույգ հարթակները: Այստեղ երեսն ի վեր երկու խաչքար էին տեղադրված: Ադրբեջանցի հսկիչները ամեն առավոտ բանտարկյալներին մերկ ոտքերով կանգնեցնում էին այս խաչքարերի վրա, եւ նրանք պետք է այնքան տրորեին, մինչև մաշվի, ոչնչանա… Խաչքարերից մեկը, որը հազիվ էր նշմարվում, քաղաքի ազատագրումից հետո հայ զինվորները իմ խնդրանքով գեղեցիկ շղթաներով առանձնացրել էին:
Եվ ահա բանտի մուտքից ներս թողեցին միայն ինձ: Բանտապետը հայտնեց, որ խաչքարերը 1996 թվականին ներքին գործերի բարձրաստիճան մի ղեկավարի հրահանգով տեղահանվել են: Դա անսպասելի անակնկալ էր ինձ համար, քանի որ կրկին ու կրկին պատմությունն աղավաղվում է:
-Լավ, ուր են դրանք հիմա, - հարցրի ես:
-Չեք նկատել, դարպասի մոտ են, - պատասխանեց բանտապետը:
Դուրս եկանք գտնելու քարերը: Իրոք, բանտի մուտքից ոչ հեռու թափված էին Շուշիի միջնադարյան գոյությունը հաստատող խաչքարի բեկորները:
-Ես մի քանի օր է, ինչ բանտի պետ եմ նշանակվել, ու չգիտեմ, թե ով է նման անշնորհքության հեղինակը, - արդարացավ բանտապետը:
-Եթե տրանսպորտ լիներ, գոնե բեկորները թանգարան կտանեմ, - ասաց թանգարանի տնօրենը` Աշոտը:
-Այդ հարցով ես կօգնեմ ձեզ, - ասաց բանտապետը:
Զննեցի խաչքարը: Զարդամոտիվները իրեց ոճով 13-րդ դարի հուշարձան էին հիշեցնում:
Շարժվեցինք դեպի Հունոտի ձորը: Ընդարձակ հարթ տարածքում Շուշիի ամենահին գերեզմանոցն էր, որտեղ հայկական վիմագրերով տապանաքարերի կողքին լատինատառ ու ռուսերեն գրերով գերեզմաններ կային: Այն 19-րդ դարում Շուշիում ծառայող չինովնիկների ու նրանց ընտանիքների գերեզմանոցն էլ էր: Հայկական երկու տապանաքարերի արանքում աճած ծառը հրել, տեղաշարժել էր ծանր քարերը: Սակայն ամենամեծ անակնկալը արձանագրություն ու թվագրություն չունեցող խաչքարերն էին, որոնք շուրջ տասը դար է, ինչ հանգրվանել են Կարկառ-Շուշիի գերեզմանոցում: Հավանաբար, հարյուրավոր խաչքարերից միայն սրանք են փրկվել: Խաչարձանների մակերեսներն անմշակ են: Առաջինը վերևում լայնանում է` իրար կողքի տեղավորելով զույգ խաչապատկերները: Երկրորդում ևս առկա է զույգության գաղափարանշանը, սակայն խաչերը իրար տակ են տեղադրված: Զույգ խաչերը երկվորյակների պաշտամունքի, ընտանիքի, ցեղի հարատևման ու կյանքի անվերջության գաղափարն են արտահայտում: Տարօրինակ է, որ ոչ ոք չի ուսումնասրել հինավուրց Շուշիի այս կարևոր հուշարձանները:
Աշոտը, ցույց տալով գերեզմանոցի հարևանությամբ գտնվող հողաթմբերը, ասաց.
-Մեգալիթյան կրոմլեխ-դամբարաններ են: Վերջերս անհայտ մարդիկ փորել են դրանցից մեկը` ոսկի գտնելու ակնկալությամբ: Այդտեղից ես հավաքել եմ ջարդած խեցեղենի փշրանքները, տարել թանգարան:
Դամբանադաշտի գոյությունը փաստորեն ապացուցում է, որ որ Կարկառ-Շուշին, իր դիրքի և բնական անմատչելիության շնորհիվ, երեք հազարամյակ առաջ էլ հայությանը որպես պաշտպանական համակարգ է ծառայել:

Շարունակելի...

 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: