|
Իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալույում
Պատմում է Վլադիմիր Վարդանովը` 'Հատուկ նշանակության խումբ' ջոկատի հիմնադիր-հրամանատարը
Զրույցը վարեց Բակուր Կարապետյանը, 08.02.2006, Երեւան
Երբ 1989 թ. սկսվեցին ռազմական գործողությունները, Հայաստանում մեր ուժերը բաժանվեցին ըստ ուղղությունների: Բաղդասարյան Գեւորգը նշանակվեց հյուսիսային թեւի կոորդինատոր, ես կցվեցի որպես ժամանակակից պատերազմի կամ պարտիզանական մեթոդների մասնագետ: Ես Սովետական Միության ՙԳՌՈւ՚-ի 12-րդ բրիգադայում եմ ծառայել, մարտական փորձ ձեռք եմ բերել Աֆղանստանում, արաբական երկրներում, Աֆրիկայում մասնակցել եմ փրկարարական գործողության: 1989 թ. դեկտեմբերին Վանո Սիրադեղյանն ու Սամվել Շահինյանը ինձ հանձնարարեցին կազմել Սովետական Միության հատուկ նշանակության խմբերում ծառայած հետախույզ-դիվերսանտների ջոկատ: Ջոկատը կազմավորվեց հունվարին:
………………………………………………
Խոջալուի դեպքերին ես մի քիչ այլ կերպ եմ ծանոթ: Խոջալուի գործողությունը մշակում էին Ֆելիքս Գզողլյանը` որպես առաջին եւ այն ժամանակ միակ գնդի շտաբի պետ, նա էր հիմնական զեկուցողը, սովետական հետախուզությունից` Իվան Ղուկասիչը, որը շատ գրագետ մարդ էր, Ալիկ Պետրոսյանը` երկրապահների շտաբի պետը, Վազգեն Սարգսյանը, Սմբատ Հակոբյանը եւ ես` որպես պարտիզանական մեթոդների ու հատուկ գործողությունների մասնագետ: Եկանք ընդհանուր հայտարարի. Խոջալուն վերցնելու համար ամենաքիչը 150 մարդ է պետք, հակառակ դեպքում` այն մեր ուժերից վեր կլինի: Ես պատասխանատվության մեծ գոտի ունեի` Կրասնոսելսկից մինչեւ Նոյեմբերյան, այդ պատճառով շատ հաճախ Ղարաբաղի հետ կապված գործողություններին չեմ մասնակցել: Իսկ Խոջալուի համար ինձ Ղուկասովը խնդրեց օգնել, Աղդամի ուղղությամբ հետախուզություն անցկացնել` ովքեր են գալու Խոջալու օգնության: Խոջալուի գործողությունից երկու օր առաջ ղարաբաղցի մի տղայի հետ, որի անունն այդպես էլ չիմացա, մականունը ՙՌեմբո՚ էր (այն ժամանակ բոլորն էին ՙՌեմբո՚), 3 կմ Աղդամ չհասած` Նախիջեւանիկի դիրքերի ուղղությամբ, ՙռազվետկի՚ մոտ /ճանապարհների ճյուղավորման տեղում/ նստած էինք: Խոջալուի գործողության հաջորդ օրը վերադարձանք: Այդ ձեւով ենք մասնակցել Խոջալուի գործողությանը: Ուղղաթիռով Սմբատ Հակոբյանի երիտասարդների խմբի հետ էինք վերադառնում: Բոլորը դրական էմոցիաներ ունեին, որ տարածք են գրավել: Սմբատ Հակոբյանի խմբից մեր ընկերը` Գեւորգյան Կարենն էր զոհվել:
Բ.Կ.-Գործողության մշակումը գործեց:
Վ.Վ.-Ոչ, ուրիշ գործողություն մշակվեց: Սկզբում հիմնական շեշտը դրվում էր հատուկ ուժերի` հետախույզների, դիվերսանտների վրա, դեսանտային-գրոհային գործողություն էր` դիվերսանտների ներխուժում եւ դեսանտայինների կողմից գրավում: Այդ գործողության մեջ գլխավոր դերերից մեկը ես պիտի խաղայի: Իսկ այն գործողությունում, որը տեղի ունեցավ, ես երկրորդական դեր ունեի: Որոշեցին, որ հատուկ գործողության համար Հայաստանը չի կարող միջոցներ տրամադրել` մարդկային պատրաստված ռեսուրսներից բացի: Հաշվարկեցին, որ անհրաժեշտ են 150 հոգի, իսկ դա Հայաստանի ուժերից վեր է: Միայն գրավելը քիչ է, պիտի գրավել ու պահել: Այն վերածվեց հասարակ, հետեւակային գործողության, որի մշակմանը ես չեմ մասնակցել, չորրորդական կամ հինգերորդական դեր ունեի, որն է` դիտորդ Աղդամի ուղղությամբ, ես էի, ու իմ հետախույզները: Խոջալուի հետ կապված. այն, ինչ որ ես հեռուստացույցով տեսել եմ` ադրբեջանցիների դիակները` փոքր դաշտում ստվար քանակությամբ հավաքած, բացահայտ սուտ է, եւ ես կարող եմ ապացուցել: Այդ մարդկանց դիակները, որ այդտեղ հավաքել էին, արդեն վաղուց մահացած են եղել: Ես` որպես դիտորդ, հենց այդտեղ եմ նստած եղել, այդ դիակները մարտը վերջանալուց 7-8 ժամ հետո են այդտեղ հայտնվել:
Բ.Կ.- Այն տարածքը, որտեղ դիակներն էին, մերոնց հսկողության տակ էր:
Վ.Վ.- Թուրքերի տարածքում հետախուզության մեջ գտնվելով` ես հենց այդտեղ եմ նստած եղել:
Բ.Կ.- Մերոնք չէին կարող գնալ այդտեղ եւ խփել:
Վ.Վ.- Մերոնք այդտեղ ուժ ունեին եւ կարող էին խփել. այդ ուժը մենք էինք, բայց մենք չենք արել: Մեր ուժերը այդտեղից մոտ 4-5 կմ հեռավորության վրա են եղել, դրանք Նախիջեւանիկի դիրքերն էին, դիրքերից այս կողմ միակ հայկական խումբը մեր` հետախուզական խումբն է եղել, որը Խոջալուի գործողության ժամանակ ոչ մի կրակոց չի արձակել:
Բ.Կ.- Իսկ դրանք ինչ զոհեր էին, որտեղից էին:
Վ.Վ.- Չեմ կարծում, թե Ադրբեջանի ղեկավարությունն այնքան ստոր է եղել, որ իր փախչող բնակչությանը միտումնավոր գնդակահարել է: Ասեմ, թե գիշերը ինչ եմ տեսել, ինչ հնարավոր էր տեսնել: Խումբը որ սկսել է մոտենալ, մենք չենք տեսել, բայց Նախիջեւանիկի դիրքի տղաները տեսնելով` նրանց վրա կրակ են բաց արել, այսպես ասած` ՙվախեցնող՚:
Բ.Կ.- Խումբը ինչ մեծությամբ էր:
Վ.Վ.-Մութ էր, չէր երեւում: Նախիջեւանիկի դիրքի հետ իմ աչքի առաջ փոխհրաձգություն եղավ, որը 1-2 րոպե տեւեց, ոչ ավելի: Դրանից հետո փախստականները, հասկանալով, որ դա սխալ ուղղություն է, դեպի Նախիջեւանիկի դիրքերը չգնացին: Չի բացառվում, որ փոխհրաձգության ժամանակ փախստականներից մի քանի հոգի զոհվել են: Երբ ադրբեջանցի փախստականները դեպի Նախիջեւանիկ գնացին, դիրքից նրանց ետ մղեցին: Դրանից մոտ 10-15 րոպե հետո ադրբեջանական դիրքից շատ ուժեղ կրակ բացվեց: Չի բացառվում, որ Նախիջեւանիկի դիմացի դիրքի ազերիները, տեսնելով դեպի իրենց եկող ստվար խումբը, մտածել են, թե հայերն են գրոհում, որովհետեւ մինչ այդ հայերի հետ փոխհրաձգություն են ունեցել: Երբ փախստականները հայտնվեցին ադրբեջանցիների դիմաց, արդեն շատ հզոր հրաձգություն սկսվեց: Հնարավոր է, որ պահակության կանգնած զինվորը քնած է եղել, բայց այդ կրակոցի ժամանակ աչքերը բացել ու ՙնստել՚ է զենքին: Շատ ուժեղ կրակ գնաց: Իմ խորին համոզմամբ` ադրբեջանական դիրքում նստած զինվորներն են կոտորել իրենց ժողովրդին: Եթե օբյեկտիվ մոտեցում ցուցաբերենք, իմ կարծիքով, ղեկավարությունը չի կարող պատժել այդ զինվորներին. իրենց դիրքն է, պահում են, ինֆորմացիա չեն ունեցել: Եթե այդ մարդիկ զոհված լինեին Խոջալուի կողմերում, չէին հայտնվի Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում, չէին գա նկարահանումներ կատարելու, եւ մեծապատիվ ղեկավարությունը արցունք չէր թափի իր զոհվածների համար: Ես, որ նրանց դեմ կռվում էի, այդ տեսարանից վատ զգացի, բայց երբ ցույց տվին վայրը, ինձ համար հասկանալի էր արդեն: Շատ ուժեղ կրակից հետո փախստականների մեջ գտնվող ադրբեջանցի զինվորներն են կրակ բաց անում նրանց վրա, եւ մարտի է վերածվում: Չի բացառվում, որ մեղքը հայերի վրա գցելու եւ նկարահանելու համար դիակները թուրքական կրակակետի դիմացից հավաքել ու տեղափոխել են միջին չափի բացատ: Այդտեղ դիակ չի եղել: Երբ կրակը լրիվ դադարեց, ինձ մի կերպ սովետական ռացիաներով իմաց տվին. ՙԿարող եք ետ գալ՚: Հաջորդ օրը կեսօրին մենք վերադարձանք, եւ արդեն ոչ մի կողմից փոխհրաձգություն չկար:
Բ.-Գիշերվա որ ժամին էին կրակում:
Վ.Վ.-Չեմ կարող ասել, քանի որ ես ուրիշ խնդիրներ, կոնկրետ հանձնարարություն ունեի, ճանապարհն էի հսկողության տակ պահում: Այդ ամենը ես կողքից էի լսում :
|