Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
ՙ"Շուշի" բարեգործական հիմնադրամը համահայկական երրորդ խորհրդաժողովում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


"Շուշի" բարեգործական հիմնադրամը, ՀՀ Արտգործնախարարությունից ստանալով Հայաստան-Սփյուռք համահայկական երրորդ համաժողովի ՙԷքսպո՚ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցելու հրավերը, որոշեց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը եւ խորհրդաժողովի պատվիրակներին ներկայանալ իր ծրագրերով ու Շուշիի մասին պատմող 36 լուսանկարներով, ՙՎերակերտվող Շուշի՚ վավերագրական ֆիլմով:

Քաղաքային մի հատվածի վերականգնման իր ծրագրով ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամը առաջարկում է համազգային գործակցության նոր մտածելակերպ: Ժամանակը եւ պատմական իրողությունները պահանջում են նոր մոտեցումներ, բարեգործության նոր որակ: Ոչ թե գումար տալ` չիմանալով, կասկածելով, թե ուր կգնա այն, այլեւ իրենց բիզնեսով շահավետ ներդրում անել: Նման մոտեցումը մտածելակերպի, փոխվստահության եւ բարեկեցության նոր որակ կբերի իր հետ: Ներդրողը կհավատա հայրենիքին, նրա մարդկանց, քանի որ անմիջականորեն կզգա իր ներդրումի արդյունքը:

Հիմնադրամին տրամադրված տաղավարի այցելուների մեջ առավել հետաքրքրություն էր առաջացրել Շուշիի Հովհաննես Ադամյան փողոցի 19-րդ դարի ճարտարապետական միջավայրի վերականգնման էսքիզային նախագիծը: Ներկայացված ալբոմը, փողոցի ներկան ու ապագան պատկերող լուսանկարները, ֆիլմը ծրագրին ծանոթանալու հնարավորություն են ընձեռում: Հիմնադրամի աշխատակիցները գործարարներին ու համայնքների պատվիրակներին առաջարկում են շահավետ գործարք հիմնադրամի հետ` կիսավեր հին շինությունները վերականգնելու եւ այստեղ շահավետ բիզնես ներդնելու համար:
Խորհրդաժողովի պատվիրակները պակաս հետաքրքրությամբ չէին ծանոթանում մեկ տարի առաջ հիմնադրամի ձեռնարկած ՙԱրցախյան գոյամարտի համահավաք՚ մատենաշարի ստեղծման ծրագրին: Տաղավարում ներկայացրված էին մատենաշարի առաջին երկու հատորները, որոնք սպասում են իրենց հովանավորներին` լույս ընծայելու համար: Հիմնադրամի արշավախումբը ՀՀ-ում, ԼՂՀ-ում ձայնագրել, տեսագրել եւ համակարգիչ է մուտքագրել Արցախյան շարժման, ջոկատների կազմավորման ու պատերազմի հարյուրավոր մասնակիցների հիշողությունները: Արդեն հրատարակման պատրաստ են 350-ական էջ ծավալով տասը գիրք: Հիմնադրամը կպատրաստի եւս 25 հատոր:
Ինչպես հայտնի է մամուլից, ս.թ. ապրիլի սկզբից ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամը ձեռնարկել է համահայկական հանրաքվե` ՙՈվ է համաձայն, որ Շուշին դառնա համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք՚ հարցադրումով: Այն նպատակ ունի աշխարհի հայությանը կրկին հիշեցնելու արցախյան խնդրի, Շուշիի վերակառուցման մասին: Տաղավարի այցելուները, որպես համաձայնության նշան, նվազագույնը 500 դրամ մուծելով հիմնադրամի հաշվին, մասնակցում էին հանրաքվեին: Նրանց անունները եվ գումարի չափը անմիջապես հայտվում էին հիմնադրամի ինտերնետային www.shoushi.am կայքի հատուկ ցուցակում: Այս, ինչպես ու բոլոր այլ հարցերում հիմնադրամի գործունեությունը թափանցիկ է եւ մատչելի:
Համահայկական խորհրդաժողովի երկրորդ օրվա երկրորդ նիստում, որը նվիրված էր ՙՀայրենիք-Սփյուռք հարաբերությունները գործնական տեսանկյունից. երկկողմանի հարաբերություններ՚ թեմային, ելույթ ունեցավ նաեւ հիմնադրամի կառավարիչ, գրող եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նա իր խոսքում նշեց, որ համահայկական այս խորհրդաժողովում, ի տարբերություն նախորդների, արցախյան թեման ասես թե տեղեկատվական շրջափակման մեջ է հայտնվել, քանի որ այս խնդրի մասին ոչինչ չի ասվում: Նա նշեց նաեւ, որ ՙիրեն հաջողվել է ընդամենը մեկ ու կես րոպեով ճեղքել այդ շրջափակումը՚, ու այնուհետեւ ներկայացրեց Շուշիի հետ կապված հիմնադրամի ծրագրերը:



 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: