|
Ռուբեն Զարգարյան
պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ամենակարճ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական ճանաչումն է: Ղարաբաղյան հարցը լուծված է անկախ պետության ստեղծմամբ, ինչը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գլխավոր երաշխիքն է: Ղարաբաղի հանրապետությունը կայացել է, եւ այդ պատմական փաստը այսօր աշխարհում շատերն են ընդունում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի խախտվում, ոչ էլ վտանգվում է նրա գոյությունը: Տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ Ադրբեջանի նկատմամբ բազմաթիվ միջազգային իրավական հիմունքներով: Գլխավորը, սակայն, այն է, որ Ղարաբաղը դե-յուրե երբեք Ադրբեջանի կազմում չի եղել:
ԼՂՀ-ի` իբրեւ անկախ պետության միջազգային-իրավական կարգավիճակն ապահովում են հետեւյալ պարամետրերը.
- հինգ հազար տարի Ղարաբաղի տարածքը պատկանել է հայ ժողովրդին,
- ԼՂՀ-ի բնիկների ճնշող մեծամասնությունը հայեր են (85% 1991 թ.),
- Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ պարբերաբար իրականացվող ցեղասպանության քաղաքականությունը,
- միջազգային իրավունքի եւ ԽՍՀՄ օրենսդրության համաձայն 1991 թ. դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեն,
- ԼՂՀ-ում իշխանության լեգիտիմ մարմինների առկայությունը, եւ նրանց վերահսկողությունը հանրապետության տարածքի վրա,
- ինքնապաշտպանության կարողությունը,
- տնտեսական ինքնաապահովումը,
- միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսանալը:
Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի անկախության ընդունումը կապահովի Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովրդի ընդհանուր արմատական շահերը: Դրանք են` հակամարտության վերացումը եւ նոր պատերազմի ու գաղթականնեիրի նոր հոսքի կանխումը, վերջիններիս խնդիրների լուծումը, ժողովրդավարությունն ու օրինականությունն ապահովող կայուն ինստիտուտների ձեւավորումը, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի պետական ինքնիշխանության ապահովումը, տնտեսական բարեփոխումներն ու պայմանների բարելավվումը, սպառազինության մրցավազքը դադարեցնելը, ճակատային գծի փոխարեն բարիդրացիական հարաբերությունների ու համագործակցության եզրեր ձեւավորելը:
ԼՂՀ-ի անկախության ճանաչումը կամրապնդի երկրի հնարավորությունները` սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, իրավական ոլորտներում քաղաքացիների առջեւ ունեցած պարտավորությունները կատարելու համար:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը արդեն քանիցս ետ է մղել Ադրբեջանի տարածքից իրականացվող ահաբեկչական ներխուժումը: Համաշխարհային հանրության երաշխիքները ԼՂՀ-ի անվտանգության ամրապնդման միայն մի գործոնն են: Ուժեղ պետություններն իրենք էլ են ենթարկվում ահաբեկչական հարձակումների: Այդ հարցում սեփական անվտանգության խնդիրը ոչ ոք, ԼՂՀ-ից բացի, չի կարող լուծել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հեղինակության աճը կապված է ոչ միայն այն իրողության հետ, որ ղարաբաղցիները կարողացան դիմագրավել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ագրեսիային` դրանով վերջ դնելով էթնիկ զտումներին ու ցեղասպանությանը, այլեւ` այն հանգամանքի, որ Ղարաբաղի կողմից երբեք պատերազմի կոչեր չեն հնչել, որ նրա ժողովուրդը մեծ հաջողությունների է հասել պետական շինարարության, բաց հասարակություն ձեւավորելու, տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցերում:
Կարեւոր է նշել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը Ադրբեջանի տարածքից սպառնացող տեռորիստական ագրեսիայի լուրջ վտանգի առաջ հաջողությամբ է լուծում Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու պաշպանունակությունն ապահովելու խնդիրը: Այն նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շրջանակներում իրականացնում է արդյունավետ խաղաղարար գործառույթ, պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Բաքվի` միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ ունեցած կապի մասին մեկ անգամ չէ, որ հատուկ ծառայությունները վկայել են, եւ տարբեր երկրների լրատվամիջոցները գրել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության առանձնահատկություններից մեկը միջազգային խաղաղարար գործողության բացակայությունն է: ԼՂՀ-ի վերջնական ընդունումը կարող էր առավել արդյունավետ գործիք լինել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար:
ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին ռուս դիտորդները 2005 թ. հունիսի 19-ին իրենց հայտարարության մեջ ընդգծել էին. ՙԱյս ընտրությունները համաշխարհային հանրությանը ցույց են տալիս այն իրողությունը, որ ղարաբաղյան հանրապետությունը կայացել է եւ հաջողությամբ զարգանում է ժողովրդավարության ոււ կայունության ճանապարհով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարության ձեռքբերումները պահանջում են համաշխարհային քաղաքակիրթ հանրության աջակցությունը եւ նրա կողմից ճանաչումը, ինչը կնպաստեր հակամարտության արագ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, պատասխան կտար տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր ժողովուրդների իրական շահերին՚:
Ռուսաստանի ազգային շահերի ապահովումը, հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ավանդույթը, ԼՂՀ-ի միջազգային հեղինակության աճը անխուսափելի են դարձնում Ռուսաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, մանավանդ որ դրա համար ոչ մի խոչընդոտ չկա, եթե հաշվի չառնենք Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքները: Բացի այդ, վերջերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման սկզբունքները համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին: Այդ հայտարարության հիման վրա տրամաբանական կլիներ ԼՂՀ-ի անկախության ընդունումը ամենակարճ ժամկետներում, մանավանդ որ, այն դրա համար ավելի շատ հիմքեր ունի, քան Կոսովոն:
Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան պատմական գիտությունների դոկտոր Վ.Պ. Ստուպիշինը, վերլուծելով Ռուսաստանի քաղաքականության մեջ Հայաստանի տեղը, հավաստում է. ՙՀայաստանն ու Լեռնային Ղարաբաղը առանցքային դեր ունեն Ռուսաստանի համար: Այն քարե պատնեշ է պանթուրքիզմի ճանապարհին, որը գրեթե չի թաքցնում իր հավակնությունները` տարածելու իր ազդեցությունը ողջ Անդրկովկասում` հենվելով Ադրբեջանի թուրքամետ շրջանակների վրա(...), այդտեղից հասնել Հյուսիսային Կովկաս, Պովոլժիե, Միջին Ասիա, Ալթայ եւ այլն: Նույնիսկ չինացիներն են արդեն հասկացել, որ հայ-ղարաբաղյան պատնեշի վերացումը մեծ վտանգ է Չինաստանի թուրքալեզու շրջանների համար(...): Հայերը ֆունդամենտալ հիմունքների պահպանման եւ բազմացման հարցում մեր ամենահավատարիմ դաշնակիցն են, ինչի շնորհիվ Ռուսաստանի վերածնունդը դեռ հնարավոր է: Արհամարհել այդ նշանակում է արհամարհել Ռուսաստանի ապագան՚ ( В.П. Ступишин, Моя миссия в Армению, М. 2001, ст. 165-166):
2005 թ. սեպտեմբերի 8-ին ԼՂՀ-ի անկախության 14-րդ տարեդարձի առիթով ԱՄՆ-ի 59 կոնգրեսականներ նախագահ Ջորջ Բուշին ուղերձ էին հղել, որում ընդգծվում է. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիովին համապատասխանում է պետականության միջազգային չափանիշներին: Իր տասնչորս տարվա անկախության ընթացքում Լեռնային Ղարաբաղը ապացուցեց, որ կարող է միջազգային հանրության հուսալի գործընկերը լինել՚:
Ռուսաստանի եւ համաշխարհային հանրության մոտեցումը ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորմանը կարող է եւ պետք է հիմնվի սկզբունքների փիլիսոփայության վրա. ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ պարտադիր է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որպեսզի ոչ միայն ճիշտ լինի, այլեւ` արդարացի:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության քաղաքակիրթ եւ կայուն կարգավորումը պետք է հիմնվի հետեւյալ հինգ սկզբունքների վրա.
- կարգավիճակի որոշումը Ղարաբաղի ժողովրդի բացառիկ իրավունքն է,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության անկախության փոխադարձ ճանաչումը, եւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի պետական անկախության վերջնական ճանաչումը,
Հաջորդ էջ
|