Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման սկզբունքներն ու ռազմավարությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուբեն Զարգարյան
պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական


- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ նրա անկլավային վիճակի բացառումը,
- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միջազգային եւ սեփական երաշխիքները
- տարածքների եւ փախստականների խնդիրների լուծումը հնարավոր է եւ պետք է իրականցվի փոխադարձ հիմքերի վրա` ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի շրջանակներում:
Խնդրի կարգավորման ընթացքում պետք է լուծվի նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի շրջանի, ԼՂՀ Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասի, ինչպես նաեւ Հյուսիսային Լեռնային Ղարաբաղի (Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի, Քեդաբեկի շրջանները, Գանձակ քաղաքի հայկական հատվածը) եւ այդ շրջանների հայ փախստականների հարցը: Անհրաժեշտ է հատուցել այն բոլոր մարդկանց նյութական եւ բարոյական վնասները, որոնք Ադրբեջանական ԽՍՀ-ի 1988-90 թթ. էթնիկ զտումների եւ դրան հաջորդած Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ագրեսիայի զոհն են դարձել:
Լեռնային Ղարաբաղը աշխարհագրական եւ պատմական տեսանկյունից ավելի լայն հասկացություն է, քան նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու այսօրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի ինքնորոշվել իր բնական պատմական սահմաններում: Միջազգային նախադեպ կարող է հանդիսանալ ՄԱԿ-ի որոշումը (1987 թ. Լուանդայի դեկլարացիան) Նամիբիայի ինքնորոշման վերաբերյալ` նրա տարածքային ամբողջականության վերականգնմամբ:
Կարգավորման բանալին ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությունն է: Բանակցությունների հաջողության համար անհրաժեշտ է հակամարտության մասնակիցների փոխադարձ ճանաչումը, բանակցություններին ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությունը: Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի պետք է հանդիսանան հավասար միջազգային իրավական սուբյեկտներ եւ կրեն հավասարաչափ միջազգային-իրավական պատասխանատվություն իրենց գործողությունների համար, ինչպես նաեւ հետեւեն ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին:
Ներկա պահին բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ ռուս-ամերիկյան Դարթմության կոնֆերանսում: Մոդելը, որն Ադրբեջանը փորձում է բանակցությունների ժամանակ պարտադրել, չի գործում, քանի որ Բաքուն հավակնում է տարածքներ` ցանկանալով դրանք ստանալ միակողմանի կարգով եւ կարգավորման հենց առաջին փուլում: Ադրբեջանը նաեւ հրաժարվում է ընդունել ԼՂՀ-ի անկախությունը, լուծել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հողերի եւ հայ փախստականների հարցը: ՙՏարածքներ` հանրաքվեի կամ կարգավիճակի փոխարեն՚ սկզբունքը ի սկզբանե սխալ է եւ վնասակար, չի նպաստում բանակցությունների խաղաղ ու հաջող ընթացքին:
Բանակցությունների ձեւաչափը, որին մասնակցում են միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, խախտում է 1994 թ. Բուդապեշտի գագաթաժողովին ԵԱՀԿ ընդունած պաշտոնական որոշումը եւ 1995 թ. մարտի 31-ին ԵԱՀԿ գործող նախագահի Պրահյան ռեզյումեն` հակամարտության երեք կողմերի վերաբերյալ: Այն չի արտացոլում հակամարտության էությունը, որի հիմնական կողմերը ԼՂՀ-ն ու Ադրբեջանն են: Բանակցային գործընթացում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության եւ իր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու` խնդիրը հնարավոր չէ լուծել: Ռուս հեղինակավոր քաղաքագետ Կ.Ս. Հաջիեւը հավաստում է. ՙՁեւացնել, թե այնպիսի պետություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, գոյություն չունի, պնդել, որ բանակցությունները շարունակվեն առանց գլխավոր կողմերից մեկի մասնակցության, նշանակում է չըմբռնել հարցի էությունը եւ անվերջ ձգձգել նրա լուծումը՚ (К.С. Гаджиев, Геополитика Кавказа, М. 2001, ст. 90):
Միակ գործող համաձայնագիրը 1994 թ. Բիշքեկյան համաձայնագիրն է, որը ստորագրել են երեք կողմերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը:
Ռուս-ամերիկյան Դարթմութի կոնֆերանսի շրջանակներում, որն անց է կացվում եռակողմ ձեւաչափով, 2005 թ. համաձայնեցվել է խաղաղ գործընթացի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի նախագիծը: Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը լուրջ հաջողություն բերեց եւ ճեղք առաջացրեց բանակցային գործընթացում: Լեռնային Ղարաբաղը փաստաթղթի վերաբերյալ լուրջ դիտողություններ ունի: Բայց, այնուամենայնիվ, 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրից հետո այն առաջին փաստաթուղթն էր, որը համաձայնեցվեց հակամարտության երեք կողմերի` Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ, եւ պատասխան էր տալիս այդ երկրների ժողովուրդների արմատական շահերին: Կարեւոր է նշել, որ փաստաթղթի համաձայն` հարցի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես խաղաղ ճանապարհով, եռակողմ բանակցությունների միջոցով: Բանակցությունները պետք է սկսվեն առանց նախապայմանների: Տարածքների եւ փախստականների հարցը պետք է լուծվի համաձայնեցված եւ փոխադարձ հիմքերի վրա` խաղաղ գործընթացին զուգահեռ, այլ ոչ թե պիտի նախորդի դրան: Բանակցությունների ընթացքում պետք է իրավաբանորեն ձեւակերպվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հաշտության պայմանագիր կնքվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ:
Շրջանակային համաձայնագրում սահմանված են համապարփակ խաղաղ գործընթացի տրամաբանությունն ու սկզբունքները, որոնք ներառում են հետեւյալ կետերը.
- զինված հակամարտության բոլոր կողմերը հաստատում են, որ կողմ են հրադադարին (այսինքն` հաստատում են Բիշքեկյան համաձայնագիրը)
- բոլոր կողմերը հայտարարում են ուժի գործադրումից կամ սպառնալիքից հրաժարվելու եւ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորության մասին
- բոլոր կողմերը պատրաստ են կոնֆլիկտները եւ խնդիրները լուծել երկկողմ եւ բազմակողմ բանակցությունների ճանապարհով
- կողմերը համամիտ են, որ խաղաղ գործընթացի մասնակիցների միջեւ փոխադարձ վստահության ամրապնդումը պահանջում է դադարեցնել թշնամական գործողությունները եւ հատկապես քարոզչությունը
- կողմերը հետաքրքրված են այնպիսի հարաբերությունների զարգացմամբ, որոնք թույլ կտան պահպանել եւ զարգացնել իրենց ազգային դիմագիծը, որոշել սեփական կենսակերպը եւ անվտանգ ապագան
- կողմերը պարտավորվում են պահպանել փախստականների եւ ներքին տեղահանվածների իրավունքներն ու ապահովել նրանց կարիքները:
Էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման ժամանակակից միջազգային պրակտիկայում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման փուլային տարբերակը, ամբողջությամբ վերցված, առաջնային է եւ առավել արդյունավետ: Միջազգային հաջողված նախադեպը Արեւելյան Թիմորի օրինակն է: Քննարկման առաջին փուլում պետք է ամրագրվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը, երկուստեք հրաժարումը բռնությունից, երկու պետությունների խաղաղ գոյակցության հայեցակարգը: Երկրորդ փուլում կվճռվեն մնացած ավելի բարդ խնդիրները` տարածքների, փախստականների, սահմանների հարցը:
ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը պետք է լինի բանակցությունների սկզբնակետը:
Փաստորեն այդ մասին է ասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` 2006 թ. հուլիսին ՙԱզատություն՚ ռադիոկայանով արված հայտարարության մեջ: Նա ընդգծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքով Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Համաշխարհային հանրության համար ակնհայտ է, որ առանց դրա խաղաղ գործընթացը չի կարող առաջ գնալ: Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի անկախության ընդունումը տարածքների եւ փախստականների խնդրի լուծման ամենակարճ ճանապարհն է:
Կարգավորման փակուղի տանող ռազմական իբրեւ թե փուլային նախագծերը (այսինքն` սկզբում տարածքները եւ փախստականները, դրանից հետո միայն հնարավոր է քննարկել կարգավիճակի հարցը), որոնք Ադրբեջանն առաջ է քաշում, Ղարաբաղի համար ընդունելի չեն մի շարք ակնհայտ պատճառներով: Նախ այդ նախագծերը չեն լուծում, նույնիսկ չեն դիտարկում հակամարտության հիմնական հարցը, որն է` Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը: Երկրորդ. դրանք լուծում են բացառապես Ադրբեջանի ղեկավարության խնդիրները, այսինքն` պատմական Լեռնային Ղարաբաղի տարածքի հանձնումը, ադրբեջանցի փախստականների վերադարձը, նրանց հետ, փաստորեն` ադրբեջանական բանակի: Դրանից հետո Ադրբեջանը կկորցնի հետաքրքրությունը ԼՂՀ-ի հետ հետագա բանակցությունների հանդեպ` հաշտության պայմանագիր կնքելու եւ միմյանց ճանաչելու, եւ հարմար պահի կսկսի պատերազմ նույն դիրքերից, ինչ որ նախորդ անգամ: Երրորդ. փակուղի տանող փուլային պլանները խախտում են ուժերի հաշվեկշիռը եւ վերջնական որոշման երաշխիք չեն տալիս: Ուժերի հաշվեկշռի խախտումը կդրդի Ադրբեջանի ղեկավարությանը` սանձազերծել նոր պատերազմ:


Նախորդ էջ | Հաջորդ էջ


 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: