|
Ռուբեն Զարգարյան
պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Ժողովրդավարական երկրներում քաղաքական գործընթացը եւ արտաքին քաղաքական որոշումների ընդունման մեխանիզմները բնութագրվում են կառուցվածքային-ինստիտուցիոնալ սահմանափակումներով, ինչպիսիք են` իշխանությունների տարանջատումը, սահմանադրական սահմանափակումների եւ հակակշիռների համակարգը, հրապարակային քննարկումների ժամանակ քաղաքացիական հասարակության աջակցությունը քաղաքական որոշումներ ընդունելիս: Ադրբեջանում վերը նշված կետերի բացակայությունը մեծացնում է ագրեսիայի, ԼՂՀ-ի վրա հանկարծակի հարձակվելու վտանգը: Այն վարչակարգը, որը չունի կամայականության կառուցվածքային-ինստիտուցիոնալ սահմանափակումներ եւ զարգացած քաղաքական մշակույթ, չի ընդունում խելամիտ փոխզիջումներ, ընդունակ է միայն նոր պատերազմ սանձազերծելու վերաբերյալ վոլյունտարիստական որոշումներ կայացնել:
Էվանում ֆրանս-ալժիրյան բանակցությունները, որոնք սկսվել էին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլլի նախաձեռնությամբ, ավարտվեցին ոչ թե Ալժիրին կարգավիճակ տալու համաձայնությամբ, այլ նրա պետական անկախության ճանաչմամբ, նրանց միջեւ նոր միջպետական հիմքի վրա հարաբերություններ հաստատելով:
Քաղաքակիրթ կարգավորման մեջ մեծ նշանակություն կարող են ունենալ վստահության ամրապնդման միջոցները, ինչպիսիք են` հրադադարի ռեժիմի ամրապնդումը, Ադրբեջանի կողմից դիպուկահարային գնդակոծության, սահմանին իրականացվող պրովոկացիայի եւ լրատվամիջոցներում ու կրթության համակարգում հակահայկական քարոզչության դադարեցումը, բարենպաստ հասարակական կարծիքի ձեւավորումը: Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է մեկընդմիշտ հրաժարվեն թշնամական գործողություններից, առաջին հերթին` զինված ներխուժումից, շրջափակումից, միջամտության այլ ձեւերից ու դրա սպառնալիքից: Դրանք ուղղված են ինքնիշխանության վերացմանը կամ սահմանափակմանը, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական, մշակութային հիմքերի փոփոխմանը, այդ երկրների ժողովուրդների իրավունքին` ազատորեն ընտրելու իրենց ազգային կեցության ձեւը:
Հակամարտության բորբոքման, լայնամասշտաբ ագրեսիայի, ցեղասպանության քաղաքականության, էթնիկ զտումների եւ միջազգային ահաբեկչության ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը: Եվ նա էլ պետք է միջոցներ ձեռնարկի ղարաբաղյան հասարակության շրջանում իր հանդեպ վստահության առաջացնելու համար: Ադրբեջանը մինչեւ հիմա ոչ միայն չի դատապարտել իր հանցավոր քաղաքականությունը, այլեւ ավելի է բորբոքում հակահայկական հիստերիան, հնչում են ահաբեկչության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության դեմ ջիհադ հայտարարելու կոչերը: Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը` շեյխ-ուլ-իսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն, հայտարարեց. ՙԵս պատրաստ եմ ջիհադ հայտարարել Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար՚ (“Независимая газета”, 29.08.2006):
Ադրբեջանի ղեկավարությունը մոռացել է բրիտանացի հեղինակավոր պատմաբան Առնոլդ Թոյնբիի խիստ արդիական հիշեցումը, որ` միլիտարիզմը վերջին չորս կամ հինգ հազարամյակում քաղաքակրթության կործանման ամենատարածված պատճառն է:
Վստահության ամրապնդման միջոցներից են նաեւ կողմերի փոխադարձ ճանաչումը եւ այն, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ԼՂՀ-ին եւ Հայաստանին ներկայացրած տարածքային պահանջներից: Ադրբեջանի շահերից է բխում ուժ գտնելն ու կատարած ցեղասպանության եւ էթնիկական զտումների մեղքերը խոստովանելը: Համանման իրավիճակում Գերմանիայի ղեկավարությունը կարողացավ քաջություն դրսեւորել: 1970 թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Բրանդտը Վարշավայի գետոյի զոհերի հուշարձանի առաջ թողություն խնդրեց նացիստների գործած մեղքերի համար, իսկ 2004 թ. Գ. Շրյոդերը մասնակցեց Վարշավայի ապստամբության տարեդարձին նվիրված արարողությանը: Նման արարքը Ադրբեջանի համար իսկապես խիզախ քայլ կլիներ: Միայն դրա հիման վրա է հնարավոր եւ անհրաժեշտ ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների պատմական հաշտեցումը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության քաղաքակիրթ կարգավորման համար խոչընդոտ է դառնում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը: Դրանում գերակշռում են խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտումները, Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններից եւ նրա անկախությունը ընդունելուց հրաժարվելը, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած ցեղասպանությունը ժխտելը եւ համաշխարհային հանրության շանտաժը: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների պարբերաբար հնչող կոչերը` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վերացնելու մասին, ցույց են տալիս նրանց իրական մտադրությունները եւ հակասում են համաշխարհային հանրության ընդունած արժեքներին: Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու հայտարարությունները անթույլատրելի են եւ հակասում են ՄԱԿ-ի, ինչպես նաեւ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անդամության չափանիշներին: Միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի պետական անկախության ընդունումը հետաձգելը նպաստավոր է Ադրբեջանի իշխանությունների համար` ագրեսիան ուժեղացնելու եւ դիրքերը խստացնելու առումով:
Բանակցային գործընթացը լրջորեն բարդացնում է վերահսկվող տարածքներից ղարաբաղյան զորքերի միակողմանի դուրսբերման եւ բոլոր ադրբեջանցի փախստականների /ոչ հայերի/ վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի պահանջը: Հայ փախստականների հարցում Ադրբեջանի ղեկավարությունը կանգնած է թուրք-ադրբեջանական դոկտրինայի դիրքերում, որն է` ոչ մի դեպքում թույլ չտալ նրանց վերադարձը իրենց հայրենիք:
Խնդրի կարգավորման մյուս խոչընդոտը Ադրբեջանում քաղաքացիական հասարակության բացակայությունն է:
Հակամարտության պատճառները հետեւանքների տեղ ներկայացնելու Ադրբեջանի փորձը նկատելիորեն բարդացնում է բանակցային գործընթացը: Հայտնի է, որ հակամարտության պատճառը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայերի դեմ գործած ցեղասպանությունն է, որին վերջ դնելու համար Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր պետական անկախությունը: Հետեւանքը` Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում առաջացավ փախստականների եւ տարածքների հարցը:
Վերջին ժամանակների միջազգային փորձը վկայում է այն մասին, որ արդեն ձեւավորվում են հակամարտությունների լուծման որոշակի սկզբունքներ: Այն առաջին հերթին անկախության հանրաքվեն է: Հանրաքվեներ արդեն եղել են կամ ծրագրվում է անցկացնել Արեւելյան Թիմորում, Էրիթրեայում, Քվեբեկում, Ֆարերյան կղզիներում, Ջիբրալթարում, Արեւմտյան Սահարայում, Նոր Կալեդոնիայում, Հարավային Սուդանում, Չեռնոգորիայում: Երկրորդ կարեւոր սկզբունքը համաշխարհային հանրության կողմից ձեւավորվել է հետեւյալ կերպ. երկիրը կկորցնի միջազգայնորեն ընդունված իր իրավունքները ինչ-որ տարածքում (երբեմն առանց սեփական համաձայնության), այն դեպքում, երբ կառավարությունը ընդունակ չի լինի արդյունավետ ղեկավարել ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման, էթնիկ խաղաղության եւ տարածաշրջանում կայունության ապահովման սկզբունքների հիման վրա: Բազմաթիվ մասնագետների կարծիքով` սրանք միջազգային իրավունքում դարձել են նոր սկզբունքներ: Վերջին բնորոշ օրինակը Արեւելյան Թիմորն է:
Այս երկու սկզբունքներն էլ անմիջականորեն կապված են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ: ԼՂՀ-ն ձեւավորվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված պետական անկախության համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, ինչն ամբողջովին համապատասխանում էր միջազգային իրավունքին եւ դեռեւս այդ ժամանակ գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի օրենսդրությանը (Закон СССР от 3 апреля 1990 года “О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР”): Միջազգային դիտորդների ներկայությամբ մասնակիցների 99,89 % քվեարկել է հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության: Ի տարբերություն մյուս պետությունների` համանման հանրաքվեների դեպքում ունեցած քաղաքակիրթ կեցվածքի, Ադրբեջանը այդ հանրաքվեին պատասխանեց լայնամասշտաբ ագրեսիայով, ցեղասպանության եւ էթնիկական զտումների քաղաքականությամբ: Հայերի դեմ ցեղասպանության նպատակաուղղված քաղաքականությունը, որն իրականացվում էր Ադրբեջանի ցանկացած ղեկավարության ժամանակ, ակներեւ եւ համոզիչ ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում մնալու անհնարինությունը:
Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում, միջազգային իրավունքին եւ ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, ձեւավորվել են երկու անկախ պետություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը: Ադրբեջանի Հանրապետության կողմից իրեն Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ հռչակելը ապօրինի է: Իրավահաջորդները երկու հանրապետություններն են` ԼՂՀ-ն եւ Ադրբեջանական Հանրապետությունը:
1991 թ. մարտի 11-ին Ստրասբուրգում Եվրախորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունեց բանաձեւ, որում նշվում էր. ՙ1991 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ԽՍՀՄ-ի փլուզումից եւ նախկին միութենական հանրապետությունների համանման հռչակագրերից հետո պաշտոնապես հայտարարեց իր անկախությունը՚: Դրանով փաստացի ընդունվեց Ղարաբաղի անկախության հռչակման միջազգային-իրավական հիմնավորվածությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավարար հիմքեր ունի ՄԱԿ-ին անդամակցելու համար: Ադրբեջանի ղեկավարությունը երբեք իրավունք չի ունեցել կառավարելու Լեռնային Ղարաբաղում, երբեք չի ընտրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, չի արտահայտել նրա շահերը, առավել եւս, երբեք ԼՂՀ-ն չի ներկայացրել ՄԱԿ-ում: Կազմակերպությունում ներկայացուցիչներ չունենալով` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է մասնակցելու եւ որոշումներ ընդունելու իրավունքից, որոնք կարող են խորը ազդեցություն ունենալ նրա հասարակական զարգացման, տնտեսության եւ անվտանգության վրա: ՄԱԿ-ը չի կարող արհամարհել այն փաստը, որ Ադրբեջանի կառավարությունը ընդունակ եւ իրավասու չէ ներկայացնել ԼՂՀ-ի քաղաքացիներին:
Անհրաժեշտ է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ինքնիշխանության իրավունքը, եւ նրա ժողովրդի իրավունքը` Ադրբեջանից անկախ որոշելու համաշխարհային հանրությանը ինտեգրվելու ճանապարհները:
Ձեւացնելը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն չունի, իրական չէ եւ ոչ էլ` գործնական: Եթե ՄԱԿ-ը մտադիր է հետեւել բարձր սկզբունքների, որոնք հռչակված են սեփական Կանոնադրությամբ, ապա նվազագույնը պետք է իր անդամ երկրներին հնարավորություն տա քննարկելու ԼՂՀ-ի` ՄԱԿ-ի գործունեությանը մասնակցելու հարցը: ՄԱԿ-ի կանոնադրության Գլուխ 4-ում ասվում է, որ անդամակցությունը ՄԱԿ-ին բաց է բոլոր խաղաղասեր պետությունների համար, որոնք պատասխանտավություն են վերցնում հետեւել Կանոնադրության բոլոր պահանջներին, եւ կազմակերպության կարծիքով` ուզում են եւ կարող են հետեւել այդ սկզբունքներին: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համապատասխանում է այդ պայմաններին:
ԼՂՀ-ի անդամակցությունը ՄԱԿ-ին անհրաժեշտ է, քանի որ այն կօգնի կանխել Ադրբեջանի ղեկավարության ` ԼՂՀ-ի հանդեպ ուժային միջոցներ կիրառելու ծրագրերը: Տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար միջազգային հանրության վրա մեծ պատասխանատվություն է ընկած: Իսկ ՄԱԿ-ի աշխատանքներին ԼՂՀ-ի մասնակցությունը կարող է ավելի արդյունավետ գործիք լինել տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանելու համար:
Քանի որ ԼՂՀ-ն մինչեւ հիմա ՄԱԿ-ի անդամության կարգավիճակ չունի, զրկված է միջազգային տարբեր փաստաթղթեր ստորագրելու իրավունքից: Իսկ ՄԱԿ-ի շատ փաստաթղթեր ունեն համընդհանուր բնույթ եւ լուծում են մարդկության գլոբալ խնդիրները: Համաշխարհային խնդիրների գլոբալացումը պահանջում է մոլորակի երկրների փոխադարձ կապվածության եւ կախվածության նոր վիճակ:
Ինչպես ասում էր Տալեյրանը, դիվանագիտությունը անխուսափելիության հետ համագործակցելու արվեստ է, սրան պետք է ավելացնել` համաշխարհային հանրության կողմից ԼՂՀ-ի պետական անկախության ընդունման անխուսափելիության:
Նախորդ էջ
|