Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Բաց նամակ Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիեւին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարոն նախագահ
Ութ տարի առաջ Մոսկվայում լույս էր տեսել իմ “Тайны Гандзака (Кировабада) и Северного Арцаха” գիրքը, որը բաց նամակի հետ ուղարկել եմ Ձեր հորը` Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւին: Ես ստույգ տեղեկություններ ունեի, որ 1988-91 թթ. Հյուսիսային Արցախից հայ բնակչության բռնագաղթից հետո ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ոչնչացվում են պատմական Արցախի հայկական բոլոր հետքերը, այդ թվում` հայկական գրեր պարունակող հազարավոր գերեզմանաքարերը, խաչքարերը, եկեղեցիները, վանքերը: Քանի որ դրանք ոչ միայն հայկական, այլեւ համամարդկային մշակութային ժառանգություն են համարվում, ուստի եւ խնդրել էի, որ արգելվի ամեն մի վանդալիզմ այդ արժեքների նկատմամբ:
Հայտնեմ, որ հուշարձանների, մշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից մեր վերաբերմունքը միանգամայն տարբերվում է Ադրբեջանական հանրապետությունում ընդունված կարգից: Մեր հիմնադրամը, ուսումնասիրելով եւ հաշվառելով Շուշիի եւ նրա շրջակայքի պատմա-մշակութային հուշարձանները, ամենեւին էթնիկական որեւէ խտրականություն չի դրել: Դրանում կարող եք համոզվել թեկուզ www.journal.shoushi.am կայքէջի Շուշի բերդաքաղաքի իսլամական պաշտամունքային հուշարձաններին նվիրված պրոֆ. Քերթմենջյանի գիտական հոդվածում: Դեռ ավելին, մենք առաջարկում ենք ցանկացած գիտնականի, անկախ էթնիկական պատկանելությունից, մասնակցել մեր ժուռնալի հրապարակումներին: Սակայն մենք Բաքվից դեռեւս միայն հայհոյանքներ, հաշվեհարդարի սպառնալիքներ ենք ստանում: Ըստ երեւույթին, իմ ուղարկած գիրքը ոչ միայն չօգնեց հուշարձանների պահպանմանը, այլեւ որպես ուղեցույց հանդիսացավ դրանց ոչնչացնելու մեդոդիկա մշակելու համար:
Բաց նամակի հետ ուղարկել էի նաեւ իմ գրած “Гейдар Алиев: Кто я?” կենսագրական գիրքը, խնդրելով նախագահին հայտնել իր կարծիքը կամ նկատառումները: Ցավոք, Հ.Ալիեւը այդպես էլ ժամանակ չգտավ պատասխանելու նամակիս:
Այսօր Ադրբեջանի ողջ տարածքով մեկ շարունակվում է հայկական հետքերի, այդ թվում` մշակութային ժառանգության, հուշարձանների ոչնչացումը: Միջազգային հանրության կողմից եւս արձանագրվել են մի շարք նման դեպքեր, ինչպիսին էր, ասենք, Ջուղայի խաչարձանների իսպառ ոչնչացումը:
Պարոն նախագահ, համամարդկային մշակութային ժառանգության նկատմամբ այս վերաբերմունքը Ադրբեջանում ուղեկցվում է դպրոցական երեխաներին հայերի նկատմամբ անհաշտվողական, թշնամական տրամադրությունների սերմանումով, որը ոչ մի լավ բան չի խոստանում հենց այդ երեխաների, նրանց երկրի ապագային: Այս խնդրում եւս մեր մոտեցումը այլ է: Ահա օրերս Մոսկվայում լույս է տեսել իմ “Небесный Орешек” գիրքը, որտեղ հայ եւ ադրբեջանցի, ինչպես եւ աշխարհի տարբեր ազգությունների երեխաները, խաղում են միասին, հասկանում, սիրում, պաշտպանում իրար, միասին հադես գալիս պատերազմի դեմ: Թե ինչպիսին կլինի մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների ճակատագիրը, նրանք կկարողանա±ն համաշխարհային քաղաքակրթության բուռն զարգացման հետ համաքայլ ընթանալ, թե կխրվեն միջէթնիկական հակամարտությունների հորձանուտը: Դա կախված է նրանից, թե ինչպես ենք այսօր դաստիարակում, կրթում մեր երեխաներին: Նրանք հանդուրժո±ղ կլինեն միմյանց նկատմամբ, թե կբռնեն միմյանց կոկորդից:
Գիրքը ուղարկում եմ Ձեզ եվ առաջարկում, որ հնարավորություն ստեղծեք ադրբեջանցի երեխաներին եւս ընթերցելու այն, ինչպես եւ շարքի սպասվող հաջորդ գրքերը, որը կնպաստի ապագայում մեր ժողովուրդների փոխըմռնմանը, խաղաղության հաստատմանն ու զարգացմանը:
Պարոն նախագահ, ես մի քանի անգամ փորձել եմ հանդիպել ադրբեջանական գրողների հետ, նրանց հետ ստեղծել համատեղ էլ. կայք, հրապարակել հայ եւ ադրբեջանցի գրողների պատմվածքներ, ընդհանուր լեզու գտնել, նպաստել մեր ժողովուրդների փոխըմբռնմանն ու մերձեցմանը, քանի որ թշնամության սերմանումը ապագա չունի: Հուսով եմ, որ Դուք Ձեր կողմից կարձագանքեք իմ խնդրանքին, ինչպես եւ ժամանակ կգտնեք պատասխանելու նամակիս:

"Շուշի" հիմնադրամի կառավարիչ,
գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյան



 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: