|
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
Պարոն նախագահ
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության միջոցով 2006 թվականի նոյեմբերի 30-ին ես Ձեզ ուղարկել եմ նամակ եւ Մոսկվայում լույս տեսած իմ ՙНебесный Орешек՚ գիրքը: Մինչեւ հիմա պատասխան չեմ ստացել: Հավանաբար բյուրոկրատական բազմաթիվ արգելքները խանգարել են գիրքը տեղ հասցնելուն: Գրքում ղարաբաղցի եւ ադրբեջանցի պատանիները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Պաղեստինի, Ճապոնիայի, Իսրայելի եւ այլ երկրներից եկած երեխաները, միասին խաղում են, հասկանում եւ պաշտպանում են իրար, մտերմանում, հանդես գալիս մեծերի սկսած պատերազմի դեմ: Ադրբեջանցի երեխաները օգնում են արցախցի իրենց հասակակիցներին ազատվել գերությունից: Ինչպիսին կլինի մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների ապագան. նրանք կկարողանան ժամանակակից քաղաքակրթության զարգացմանը համընթաց գնալ, թե դարձյալ կդառնան միջէթնիկական հակամարտությունների եւ պատերազմների զոհը: Նրանք կհանդուրժեն միմյանց, թե կրկին իրար կոկորդից կբռնեն: Դա կախված է նրանից, թե ինչպես ենք կրթում, դաստիարակում մեր երեխաներին:
Ուղարկելով գիրքը` հույս ունեմ, որ ադրբեջանցի երեխաների համար այն կարդալու պայմաններ կստեղծեք: Վստահ եմ, որ այս գիրքը, ինչպես եւ շարքի հաջորդ վիպակները, կնպաստեն մեր ժողովուրդների փոխըմբռնմանը, քանզի պատերազմի եւ թշնամանքի քարոզչությունը ապագա չունի: Ակնկալում եմ նաեւ Ձեր դիտողությունները, որոնք կարող եմ նկատի առնել շարքի հետագա հրատարակությունների ժամանակ:
Պարոն Ալիեւ, եթե գիրքը եւ նամակը Ձեզ չեն հասել, ինչը միանգամայն հնարավոր է, ես կուղարկեմ գրքի մի օրինակ եւս: Կցանկանայի, որ ըստ արժանվույն ուշադրություն դարձվեր հայ գրողի նամակին, որը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում (հիմնահատակ ավերվել է ադրբեջանական իշխանությունների կողմից):
Խնդրում եմ բաց չթողնել փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության այս հնարավորությունը:
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյան
|