Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաց նամակ
Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ պարոնայք Շիրակին, Պուտինին եւ Բուշին

Մեծարգո նախագահներ
Մեր տարածաշրջանում ապագայի խնդրում լուրջ սպառնալիքներ են ստեղծվում` կապված մատաղ սերնդի դաստիարակության հետ: Ինչպիսին կլինի մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների ճակատագիրը, նրանք կկարողանան համաշխարհային քաղաքակրթության բուռն զարգացման հետ համաքայլ ընթանալ, թե կխրվեն միջէթնիկական հակամարտությունների հորձանուտը: Նրանք հանդուրժող կլինեն միմյանց նկատմամբ, թե կբռնեն իրար կոկորդից: Դա կախված է նրանից, թե ինչպես ենք այսօր դաստիարակում, կրթում մեր երեխաներին:
Մատաղ սերնդի ոչ ճիշտ դաստիարակությունը, ինչպես եւ ժամանակակից տեխնիկական միջոցներով թշնամանքի ու ատելության սերմանումը արդեն տալիս են իրենց պտուղները, ինչպիսիք են Բուդապեշտի եւ Ստամբուլի ահաբեկչությունները կամ Բաքվում Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ընդունելուց հրաժարվելը: Բաքվի իշխանությունները վախենում են, որ չափից դուրս քարոզչության հետեւանքով լարված ու մթագնած ժողովուրդը հաշվեհարդար կտեսնի մարզիկների հետ: Անշուշտ, դրանք, ինչպես եւ տասնյակ այլ իրադարձություններ, նոր էթնիկական պատերազմ բորբոքելու վտանգավոր քայլեր են: Փաստորեն ոչ ճիշտ դաստիարակությունը չարիքի այն գլխավոր արմատն է, որի շտկումը հնարավոր կդարձնի հաստատսլ խաղաղությունն ու պայմաններ ստեղծել զարգացման համար:
Նկատի ունենալով երեխաների ու երիտասարդության դաստիարակության կարեւորությունը ու դրա հետ կապված իմ անհանգստությունը տարածաշրջանում ապրող ժողովուրդների ապագայի համար` 2006 թ. նոյեմբերի 30-ին նամակ եմ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, միեւնույն ժամանակ նրան ուղարկել վերջերս Մոսկվայում լույս տեսած իմ գիտաֆանտաստիկ "Небесный Орешек" գիրքը, որտեղ հայ եւ ադրբեջանցի, ինչպես եւ աշխարհի տարբեր ազգությունների` ամերիկացի, ռուս, վրացի, չինացի, ֆրանսիացի, գերմանացի, բրազիլացի, արաբ, ճապոնացի, հրեա երեխաները, ինչպես նաեւ տիեզերական էակները խաղում են միասին, հասկանում, սիրում, պաշտպանում իրար, միասին հադես գալիս պատերազմի դեմ: Ադրբեջանցի երեխաները օգնում են հայ երեխաներին` փախուստով ազատվելու գերությունից: Ես դիմում եմ Ադրբեջանի նախագահին, որ գիրքը տարածում գտնի նաեւ ադրբեջանցի երեխաների միջավայրում, որը կնպաստի ապագայում մեր ժողովուրդների փոխըմբռնմանը, խաղաղության հաստատմանն ու զարգացմանը: Նամակում խնդրել եմ մեծարգո Ալիեւից, որ օգնի կապեր հաստատել ադրբեջանցի գրողների հետ, համատեղ ինտերնետային կայք բացել եւ գրքեր հրատարակել: Ինքս www.journal.shoushi.am կայքում գիտական ուսումնասիրություն եմ տեղադրել Շուշի քաղաքի իսլամական պաշտամունքային ճարտարապետության մասին: Քանի որ ավելի ու ավելի հրատապ է դառնում քրիստոնեական ու իսլամական քաղաքակրթությունների բոլոր մակարդակներով մերձեցումն ու հարատեւ խաղաղության հաստատումը, առաջարկում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքը դարձնել երկու քաղաքակրթությունների մշակույթների հանդիպման ու երկխոսության վայր` հիմնելով համապատասխան կենտրոն:
Հարգարժան նախագահներ, ներողություն եմ խնդրում, որ անհանգստացնում եմ Ձեզ եվ դիմում եմ Ձեր օգնությանը` տեղ հասցնելու տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին անհանգստացնող խնդիրը, քանի որ դրանից է կախված նրանց ապագան, կանխելու թշնամանքի եւ ատելության սերմանումը:
Նամակին կից ուղարկում եմ Ադրբեջանի նախագահին գրածս նամակները, ինչպես նաեւ իմ գրքի ռուսերեն օրինակը, միեւնույն ժամանակ խնդրում պարոնայք Բուշի եւ Շիրակի ներողամտությունը, քանի որ առայժմ չունեմ այն անգլերեն եւ ֆրանսերեն հրատարակելու հնարավորությունը:

Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյան



 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: