Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

XIX դ. համահայկական կրթամշակութային կարեւոր կենտրոն հանդիսացած Շուշիի վերածնուննդը հիմնադրամը տեսնում է ոչ միայն հին քաղաքի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման, այլեւ այդ գործընթացին ողջ հայությանը ներգրավելու մեջ, այնպես որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, իրեն տեր զգա հայոց միակ կենդանի մնացած ու հայությանը վերադարձած Շուշիի փրկության գործընթացին: Շուշիի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության ուսումնասիրման համալիր ծրագրի իրականացմանը զուգահեռ, ձգտելով 1905, 1920 թթ. ջարդերի եւ 1992 թ. պատերազմի հետեւանքով ավերված բերդաքաղաքի վերականգնման գաղափարին մասնակից դարձնել ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայությանը, հիմնադրամը հայտարարեց համահահայկական հանրաքվե. ՙՈվ է ուզում, որ Շուշին դառնա համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք՚ հարցադրումով: Հանրաքվեի մասնակիցները որպես համաձայնության նշան նվազագույնը 500 դրամ են փոխանցում հիմնադրամի հաշվին: Հիմնադրամը պայմանագիր կնքեց ՀՀ եւ ԼՂՀ փոստային ծառայությունների հետ, որոնց բաժանմունքներում սկսեցին ընդունել կոլեկտիվների եւ անհատ անձանց փոխանցումները: Զուգահեռաբար ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամը նամակներով դիմեց ՀՀ բոլոր գերատեսչություններին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հիմնարկ-ձեռնարկություններին` առաջարկելով մասնակցել հանրաքվեին: Հիմնադրամին հետաքրքրում էր նաեւ, թե հայության որ հատվածն այսօր ինչքանով է հակված հայրենի եզերքի ամրապնդման, կայունացման գաղափարին: Այս տեսանկյունից ձեռնարկը նաեւ քաղաքական ակցիա է: Հենց այդպես էլ գնահատեցին ադրբեջանական լրատվամիջոցներն ու վերլուծաբանները` Ադրբեջանի համար լուրջ վտանգ տեսնելով հիմնադրամի այս ձեռնարկում:
Հանրաքվեն սկսվեց մալո ասուլիսով, հեռուստահաղորդումներով, թերթային հայտարարություններով, ինտերնետային բազմաթիվ կայքերում համապատասխան նյութերով: Հանրաքվեի մասնակից անձանց ու կոլեկտիվների անունները հրապարակվում են www.shoushi.am կայքում:
Հանրաքվեին առաջինն արձագանքեցին Մեծամորի ատոմակայանի եւ Երեւանի մետրոպոլիտենի կոլեկտիվները: Առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՀՀ էներգետիկայի եւ կրթության նախարարությունները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի տարածքային ստորաբաժանումները, հարկային պետական ծառայությունները: Շուշին համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք դարձնելուն 2006 թ. ընթացքում ՙայո՚ են ասել 12 211 մարդ, որից 2124-ը` էներգոհամակարգից, 3166-ը` միջնակարգ կրթության հաստատություններից: Հանրապետության շուրջ 1500 միջնակարգ կրթօջախներից հանրաքվեին մասնակցել են 292 դպրոցներ, որոնցից 73-ը` Երեւանից: Առավել ակտիվորեն էին մասնակցում Սյունիքի,Կոտայքի, Արարատի, Տավուշի, Ամասիայի, Արթիկի եվ Գեղարքունիքի դպրոցներն ու քոլեջները: Դրան զուգահեռ անսպասելի էր Գյումրվա եվ Լոռվա կրթահամակարգի, ինչպես եւ հանրապետության բուհերի ուսանողության պասիվությունը: Հիմնադրամի կոչին արձագանքել են երկրի 46 կոլեկտիվներ, 31 գյուղապետարաններ (ՀՀ գյուղական համայնքների 3%-ը): Բուհերից մասնակցել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսական կոլեկտիվը: Բանկային համակարգից մասնակցել է միայն ՀՀ Կենտրոնական բանկի կոլեկտիվը: Եթե Ազգային Ժողովը ոչ մի կերպ չարձագանքեց հիմնադրամի այս ձեռնարկին, ապա ՀՀ կառավարության ողջ աշխատակազմը վարչապետի գլխավորությամբ ամենայն լրջությամբ մասնակցեց հանրաքվեին: Կարեւոր ենք համարում առաջին հերթին զինվորների, ոստիկանների դեպի հայոց միակ կենդանի մնացած ու հայրենիքին վերադարձված բերդաքաղաքի վերածննդի նկատմամբ անտարբեր չլինելը: Կարծում եմ, որ մեր ակցիայի միջոցով զինվորի ու ոստիկանի դաստիարակությունը, հայրենի եզերքի նկատմամբ սեր ներարկելը լուրջ քայլ է երկրի կայունացման, անվտանգության գործընթացում: Հիմնադրամը սպասում է, որ հանրաքվեին մասնակից լինելու կոչին կարձագանքեն բանակի սպայակազմն ու զինվորականությունը, ոստիկանությունը, Ներքին զորքերը, գերատեսչությունների մեծ մասը: Հիմնադրամը հույս ունի, որ այս ձեռնարկում հետաքրքրություն կարձանագրվի նաեւ ճանաչված գործարարների, նրանց ղեկավարած կոլեկտիվների մասնակցությամբ: Թվում էր, թե առաջինը կարձագանքեն հենց ծնունդով արցախցի գործարարները, ու այս տեսանկյունից տարօրինակ եւ անսպասելի էր նրանց անտարբերությունը: Հավանաբար, ժամանակ է պետք, մինչեւ նրանք եւս ընկալեն, թե ինչն ինչոց է: Ըստ երեւույթին, շատերը նախ փորձում են պարզել, թե, ասենք, ինչ կարծիքի են, ինչպես են վերաբերվում կամ մասնակցում երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը, նոր միայն կողմնորոշվեն` մասնակցել, թե ոչ:
ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրաքվեի գաղափարը դեռեւս լիովին չի ընկալվել ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հասարակության կողմից, որոշեց անպայման շարունակել Համահայկական հանրաքվեն, մանավանդ որ, այն առաջին նմանատիպ միջոցառումն է: Լուրջ խնդիր է մնում հասարակական լայն խավերի ներգրավումը այս ձեռնարկում: Եթե, ասենք, 280 դպրոցներում եւ քոլեջներում մասնակցել են միայն ուսուցչական կոլեկտիվները, ապա հիմնադրամը շատ ավելի կարեւոր է համարում Շուշիի փրկության, նրա ճակատագրին աշակերտության եվ բուհերի ուսանողության մասնակցությունը: Հիմնադրամին դեռեւս չի հաջողվել այս կարեւոր ձեռնարկին սփյուռքահայության, ԼՂՀ բնակչության լիարժեք ներգրավումը: Ռուսաստանում առաջին փորձը հաջողություն չի ունեցել: Տարօրինակ անտարբերություն արձանագրվեց համառուսական համայնքային կազմակերպություններում ու ՀՀ դեսպանությունում:Մթնոլորտը փոխելուն չնպաստեց նույնիսկ Մոսկվայում Շուշիին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:
Հավաքվող գումարներն օգտագործվում են հիմնադրամի ծրագրերի իրականացման համար: Մեր հիմնական նպատակներից է Շուշիի զարգացման հիմք հանդիսացող բերդաքաղաքի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության ուսումնասիրության համալիր ծրագրի իրականացումը: Հավաքված գումարով նախագծվել է Շուշիի Հ.Ադամյան փողոցի վերակառուցման հատակագիծը, շարունակվում է Շուշիի պատմության հետ կապված արխիվային նյութերի հավաքումը եւ ուսումնասիրությունները, ՙԱրցախյան գոյամարտի համահավաք՚ 30 հատորանոց մատենաշարի ստեղծումը, ՙՇուշի՚ ինտերնետային հանդեսի երեք լեզուներով թողարկումը: Շուտով հիմնադրամը սահմանափակ քանակով կհրատարակի Շուշիի 220 հուշարձանների ցուցակը, որը կներկայացվի ԼՂՀ կառավարության հաստատմանը: Արդեն կազմվում է հատուկ գիտական արշավախումբ` Հունոտի կիրճի քարանձավների ուսումնասիրման համար: Հիմնադրամը բացել է Լուսանկարչության ազգային ինտերնետային պատկերասրահ, որտեղ կցուցադրվեն ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի համայնքներից հավաքած, տարբեր իրադարձություններ պատկերող, նշանավոր մարդկանց լուսանկարներ: Հիմնադրամը կստեղծի հատուկ ֆոնդ` Շուշիում Լուսանկարչության ազգային պատկերասրահ բացելու համար:
Հիմնադրամն իր գործունեության ելակետ է համարում արցախյան գործընթացներում համայն հայության ներգրավումը: Հանրաքվեի հետ կապված մեր նախաձեռնությունը Շուշիի լեգեդի շուրջը հայության նոր միավորման նպատակ է հետապնդում: Այն նաեւ մեր միասնության յուրօրինակ բարոմետր է, որը պատասխանում է այն հարցին, թե ժողովուրդն ինչքանով է պատրաստ միավորվելու, համատեղ ուժերով կառուցելու, վերականգնելու մեր հինավուրց բերդաքաղաքը: Այս իմաստով հայությունը նոր զարթոնքի եւ նոր միավորման կարիք ունի:

Բակուր Կարապետյան



 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: