Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Լուսանկարչությունը, սկիզբ առնելով XIX դ. կեսերին, թե’ որպես վավերագիր եւ թե’ որպես գեղարվեստի ուրույն ճյուղ, կարեւոր դեր ունեցավ քաղաքակրթության մշակութային զարգացման գործում:
Ընտանեկան ալբոմներում կամ անհատական հավաքածուներում անցյալ կամ նախանցյալ դարերից մեր օրերն են հասել լուսանկարներ, որոնք պատմական իրադարձություններից, հասարակական կամ բնական երեւույթներից, առօրյա կյանքից, բնությունից որսած պահեր են կամ դիմանկարներ: Ոչ ճիշտ պահպանման եւ մշտական խնամքի բացակայության պատճառով լուսանկարները ժամանակի ընթացքում խունանում են, փչանում, ոչնչանում` իրենց հետ մոռացության մատնելով ոչ միայն հնում ապրած մեր նախնիների հիշատակը, այլեւ պատմության էջերը, թանկարժեք վավերագրերը:
Լուսանկարների հավաքագրումը մասնագիտական պատկերասրահում, վերականգնման, պահպանման կազմակերպումը անհետացումից կփրկի պատմության վավերագիր էջերը: Թանգարանային պայմաններում լուսանկարները գիտական ուսումնասիրման առարկա կդառնան, որպես անհերքելի վավերագրեր` կլրացնեն պատմության անհայտ էջերը: Ստեղծելով լուսանկարների բարձրորակ եւ մեծադիր լուսանկարներ` պատկերասրահը դրանք հասանելի կդարձնի հասարակությանը: Թանգարանի կամ ինտերնետային պատկերասրահի այցելուները կտեսնեն պատմական իրադարձություններից, երեւույթներից, կյանքից օբյեկտիվով որսած պահերն ու ռեպորտաժները, արվեստի, գրականության, գիտության, բանակի, ազատագրական պայքարի նշանավոր գործիչներին:
ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամը, ստեղծելով Լուսանկարչության ազգային պատկերասրահը (ԼուսԱՊ), իր հատուկ էջում կցուցադրի ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի առօրյա ու քաղաքական կյանքի, մշակույթի, կենցաղի բազմաբնույթ կողմերն ու թեմատիկ ոլորտները, կպահպանի աշխարհագրական լայն ընդգրկումն ու ներդաշնակ հավասարակշռությունը: Պատկերասրահում իրենց առանձին ցուցասրահները կունենան Ռուսական Դաշնության, ԱՄՆ-ի, Կանադայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, ԱՊՀ երկրների, Իրանի, Թուրքիայի, Ավստրալիայի հայ համայնքները: Առանձին սրահում կցուցադրվեն Արեւմտյան Հայաստանի կյանքն ու իրադարձություններն արտացոլող լուսապատկերները:
Պատկերասրահը կունենա նաեւ գեղարվեստական լուսանկարչության առանձին սրահ, որտեղ կներկայացվեն լավագույն լուսանկարիչ վարպետների աշխատանքները: Պատկերասրահը պարբերաբար կկազմակերպի թեմատիկ ցուցահանդեսներ, ինչպես եւ ռեպորտյորների ամենամյա ցուցահանդես-մրցույթներ:
Հիմնադրամը, բացելով ԼուսԱՊ-ի www.avetis.org կայքը, դիմում է ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայությանը, խնդրելով հիմնադրամին (Հայաստան, , Երեւան-0019, Բաղրամյան պող. 24դ/710 հասցեով) ուղարկել ԼուսԱԻՊ-ի պահանջներին համապատասխան լուսանկարները, եթե որեւէ պատճառով դա անհնար է, ապա ուղարկել bakour@avetis.org էլ. հասցեով դրանց թվայնացված օրինակները: Այդ ամենը վերաբերում է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ազգային փոքրամասնություններին:
Շուշին պատմական Հայաստանի փրկված բերդաքաղաքներից միակն է, որ այսօր շարունակում է իր գոյությունը, ձգտում վերականգնել կրթամշակութային համահայկական կենտրոնի իր երբեմնի հռչակը, ուստի եւ ունի Լուսանկարչության ազգային պատկերասրահ ունենալու իրավունքը:
Շուշի հիմնադրամը կոչ է անում ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայությանը ակտիվորեն մասնակցելու Լուսանկարչական ազգային պատկերասրահի հավաքածուի ստեղծմանը:





 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: