Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՐԵՄՅԵՐ-ՄԻՆԻՍՏՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Պարոն պրեմյեր-մինիստր
Ադրբեջանի եւ Թուրքիայի Սփյուռքի ներկայացուցիչների խորհրդաժողովին Դուք հայտարարել եք. ՙՂարաբաղը մեր արյունահոս վերքն է…՚:
Հարց է առաջանում. իսկ Բյուզանդիան ու Արեւմտյան Հայաստանը, որոնց պատմական տարածքների վրա սփռվել է Լեռնային Ալթայում ծնունդ առած Թուրքիան, ու մ վերքերն են: Դուք այդ մասին մտածել եք: Ասեմ, որ Արեւմտյան Հայաստանի վերքից, ինչպես երեւում է ստամբուլյան դեպքերից, դեռ արյուն է հոսում:
Աշխարհի երեսից վերացված Բյուզանդական կայսրության տարածքում թուրքերի կողմից եղեռնի են ենթարկվել տասնյակ ժողովուրդներ, որոնց հազարամյակների մշակույթից ոչինչ չի մնացել: Չգիտեմ, Դուք մտածում եք այդ մասին: Հավանաբար, մտածում եք, սակայն խուսափում եք բարձրաձայն խոսել այդ մասին:
Իսկ Լեռնային Ղարաբաղը, որը Դուք ՙվերք՚ եք անվանում, ուղղակի պաշտպանվել է եղեռնի ենթարկվելու սպառնալիքից: Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, ադրբեջանական մյուս բնակավայրերում 1988-92 թթ. իրականացված ջարդերն ու կոտորածները Ղարաբաղի բնակչությանը ինքնապաշտպանության մղեցին: Ղարաբաղի հայությանը ապստամբության մղեցին ոչ միայն Խորհրդային միության ազգային քաղաքականությունը, այլեւ Բաքվի ու հատկապես Հեյդար Ալիեւի` հայերին Լեռնային Ղարաբաղից դուրս մղելու քողարկված ջանքերը: Արդյունքը, ինչպես Դուք նշեցիք, ձեր ՙարյունահոս՚ ձեռքն է:
Ադրբեջանի ժողովուրդը եւս թյուրիմացության մեջ է հայտնվել: Դուք նրանց ՙթուրք՚ եք անվանում: Իսկ իրականում այն իրանական ժողովրդի մի հատվածն է, որը հանգամանքների բերումով խառնվել է միջինասիական ցեղախմբերի հետ, աստիճանաբար խոսել թուրքերենի բարբառով: Ադրբեջանցիներն իրենց հերթին պետք է ազատվեն այդ բարդույթից:
Դուք նշեցիք Ղարաբաղի մասին, իսկ ոչինչ չասացիք Նախիջեւանի մասին: Այնտեղ ամեն ինչ անարյուն ստացվեց, որին սպիտակ եղեռն են անվանում: Հասկանալի է` սպիտակ, թե սեւ, ինչ տարբերություն ձեզ համար, ինչպես պատահի… Հայոց խաչքարյան հետքերն էին մնացել Հին Ջուղայում, այն էլ ոչնչացրին Բաքվի իշխանությունները: Իսկ Ղարաբաղը դիմադրեց, նույնիսկ հարվածեց, կտրեց նվաճելու մեկնած ձեռքը, որից, բնական է, արյուն պետք է հոսի: Ու հետաքրքիրն այն է, որ, ինչպես Դուք եք պնդում, արյունը ձեր ձեռքից է հոսում: Իսկ Դինքի արյունն էլ է ձեր ձեռքից հոսում…
Պարոն Էրդողան, հին ձեռագրերի Երեւանի մատենադարանում ես բազմաթիվ նյութեր եմ ուսումնասիրել` կապված թուրք ժողովրդի պատմության հետ: Ու ինձ զարմանք է պատճառում տարիներ շարունակ թուրքական իշխանությունների ու գաղափարախոսների ձգտումը` սեփական ժողովրդից հետեւողականորեն թաքցնել իր իսկ սեփական պատմությունը: 1915 թվականին հայերի նկատմամբ ցեղասպանությունը եւս սեփական պատմությունը կեղծիքի միջոցով թաքցնելու քաղաքականության հետեւանք է: Կարծում եք, թե կորցնելով ձեր ժողովրդի իրական պատմությունը, հեշտ կլինի սեփականացնել Փոքր Ասիայի ոչնչացված ժողովուրդների պատմության, մշակույթի ժառանգությունը:
Անվերջորեն խաբելով սեփական ժողովրդին, նրան կտրելով իր իրական պատմությունից, ուրեմն եւ` արմատներից, դուք թուրք ժողովրդին փաստորեն լուրջ վտանգի եք ենթարկում: Անվերջորեն խաբել ինքներդ ձեզ ու նաեւ բոլորին` չեք կարող: Ինքը` թուրք ժողովուրդը, պետք է կողմնորոշվի. եթե ուզում է ժամանակակից քաղաքակրթության հետ համաքայլ ընթանալ ու Եվրամիություն մտնել, ապա պետք է նախ հաշտվի իր պատմության հետ, գնահատի այն` ելնելով արժեքների գնահատման ժողովրդավարական համակարգից: Սա է միակ ու ճիշտ ճանապարհը: Մյուս ճանապարհները թուրք ժողովրդին դեպի կործանում են տանում:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ







 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: