Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԱՏԵՆԱՇԱՐ`  ՙԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ՚

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամի հրատարակչությունը լույս ընծայեց Բակուրի ՙԱրցախյան գոյամարտի համահավաք՚ մատենաշարի Առաջին գիրքը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս գրքի շնորհանդեսն էր: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն, Հայաստանի Գրողների միությունը եւ ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամը: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը բացման խոսքում արժեքավորեց ոչ միայն այս, այլեւ մատենաշարի այն հատորները, որոնք դեռ հրատարակվելու են: Որպես պատմաբան կարեւորելով մատենաշարը` Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն ասաց. ՙՄինչեւ վերջերս մենք ճշտում էինք Հայրենական Մեծ պատերազմի մասնակից հերոսներին: Ինչ աղբյուրներ ասես չենք նայում եղեռնի հետ կապված յուրաքանչյուր փաստ ճշտելու համար: Արցախյան պատերազմը սկսվեց տարերայնորեն, եւ պատմության համար շատ կարեւոր են այդ նյութերը հավաքելը: Քսան տարի է անցել` արդեն շատ փաստեր խեղաթյուրվում են, դեռ պատերազմի ժամանակ էին խեղաթյուրվում: Քսան-երեսուն տարի հետո այլեւս հնարավորություն չենք ունենա դրանց իսկությունը ճշտելու: Ես Բակուրի աշխատանքը արժեքավորում եմ փաստերը ճշտելու առումով: Բակուրը պատերազմը եւ բոլորին լավ գիտե, դրա համար էլ նրա գործը` այս մատենաշարը, անգնահատելի եմ համարում՚:
Շնորհանդեսը վարում էր Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: ՙՄատենաշարը  անփոխարինելի հումք է ոչ միայն պատմության, այլեւ գեղարվեստական արձակ կամ ֆիլմերի սցենարներ ստեղծելու համար: Շատ կարեւոր է մատենաշարի ընտրանին` որպես Արցախյան քրոնիկոն, թարգմանել եւ հասցնել միջազգային հանրությանը՚,- ասաց ԳՄ նախագահը:
ՙԱրցախյան շարժման, ջոկատների կազմավորման ու 1992-1994 թթ. Արցախ-Ադրբեջան պատերազմի մասին վավերագրական մատենաշար ստեղծելու առիթը նաեւ ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում ամենատարբեր հեղինակների կողմից հաճախ ազատագրական շարժման հետ ոչ մի կապ չունեցող կամ թեկուզ փոքր-ինչ մասնակցած մարդկանց պատվերով լույս տեսնող հարյուրավոր գրքերն են, որոնք շփոթության մեջ են գցում ընթերցողներին, ուսումնասիրողներին: Նույն իրադարձությունը եթե մարդիկ տարբեր ձեւով են պատմում, ապա  այն չի խմբագրվում, ու ճշմարտությունն ի հայտ է գալիս գրքի մյուս էջերում կամ հաջորդ հատորներում՚,- ասում է Բակուր Կարապետյանը:
Մատենաշարում տեղ են գտել նաեւ 1988-1994 թթ. հեղինակի կողմից ձայնագրված  զրույցները (Գալինա Ստարովոյտովա, Արկադի Վոլսկի, ՙՎրեմյա՚ հեռուստածրագրի լրագրող Սաշա Բարխատովի զրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ, ԼՂԻՄ-ի կուսմարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովի օգնական Յուրի Բեկնազարյան), որոնք մինչ այժմ չէին հրապարակվել:  Վավերագրական համահավաքում առաջին  անգամ հրապարակվող շատ փաստերով մասնակից-զրուցակիցների պատմություններում, որոնք հյուսվում են դեպքերով, դրվագներով, պատմական կարեւոր արժեք ունեցող մանրամասներով, երեւում են շարժումն ու պատերազմը` բոլոր կողմերով, այդ թվում` երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, դիվանագիտությամբ, ծնունդ է առնում 1988-1994 թթ.` մեր երկրի պատմության կարեւոր հատվածի ճիշտ գնահատումը:
Տարիներ շարունակ արված ձայնագրությունների արդյունքում արդեն ստեղծվել է բավական հարուստ պատմական արխիվ: ՙՍակայն որոշ պաշտոնյաներ, հրամանատարներ այսօր դեռ հրաժարվում են հարցազրույցից՚,- նշեց Բակուրը:
Հրատարակչությունը  տպագրության համար դեռեւս 12 հատոր է պատրաստել` հույս ունենալով առաջին գրքի վաճառքից գոյացած միջոցներով հրատարակել երկրորդը, եւ այսպես` շարունակաբար:

Հատվածներ ՙԱրցախյան գոյամարտի համահավաք՚ մատենաշարից

Լրագրող Ալեքսանդր Բարխատովի զրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելին...
Իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալույում: Պատմում է Վլադիմիր Վարդանովը` 'Հատուկ նշանակության խումբ' ջոկատի հիմնադիր-հրամանատարը: Ավելին...

ՙԱրցախյան գոյամարտի համահավաք՚ մատենաշարի Առաջին գիրքը ձեռք են բերել`

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա - 10 գիրք
Հայաստանի Գրողների միություն - 10 գիրք
Հայաստանի Ազգային գրադարան -10 գիրք
ՙԳուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ՚ -10 գիրք
Հայաստանի պետական ագրարային համալսարան -20 գիրք
ՀՀ Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե -10 գիրք
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ -2 գիրք
Երեւանի պետական համալսարան -25 գիրք
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան -25 գիրք
Երեւանի գեղարվեստի ակադեմիա -1 գիրք
Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարան - 10գիրք
Վ. Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարան - 10 գիրք



 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: