Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Շուշի, Բակուր Կարապետյան (էսսե), մաս 3-րդ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


    Հին գերեզմանոցից մեր խումբը շարժվեց դեպի Հունոտի ձորը: Մեր նպատակը կիրճում գտնվող 18-րդ դարի սկզբին պաշտպանական համակարգի մեջ ընդգրկված քարանձավների նկարահանումն էր: Այդ քարանձավներից Շուշիի սղնախը Ավան զորավարի գլխավորությամբ 1726 թ. աշնանը ութ օր ճակատամարտել էր օսմանյան քառասուն հազարանոց բանակի դեմ ու հաղթել: Ինչպես գրում է պատմիչ, Գանձասարի կաթողիկոս, արցախյան ազատագրական շարժման քաղաքական ղեկավար Եսայի Հասան-Ջալալյանը` թուրքական բանակը "երկու օրվա ճամփան մին օրում կտրեց": Խոր ձորում Կարկառ գետակն է: Երաշտ տարի էր, ու գետը նվաղել էր: Երևացին Հունոտ գյուղի ավերակները: Տների շարքը թիկնել էր ապառաժներին, որոնց մի ծայրը թեքությամբ իջնում էր մինչև գետը: Ես մտա թաղածածկ տներից մեկի ներսն ու փլվածքի միջից նկարեցի թթենիներն ու նրանց արանքում հայտնված նկարահանման խմբի անդամներին: Ես արդեն պատկերացնում էի վերականգնված Հունոտ գյուղը, որն ընդգրկելով Շուշիի զբոսաշրջության համալիրում` թաղածածկ տնակները վեր են ածել կեմպինգային հյուրանոցների:
Քիչ անց տղաները հայտնվեցին միակամար հին կամրջի վրա: Կամարի քարերը ցած էին թափվել, ու թվում էր, թե ուր որ է այն կփլվի: Կամրջից ոչ հեռու ջրաղացներն էին, որոնք հազարամյակներ շարունակ ալյուր են մատակարարել բերդաքաղաքին ու շրջակա գյուղերին: Օսմանցիներին 1726-ին ոչ մի կերպ չհաջողվեց այս աղացները խլել Շոշ գյուղացի Ռոստոմյան եղբայրներից:
Գետի հոսանքն ի վեր բավական ճանապարհ անցնելուց հետո հասանք Կարկառի ջրվեժին, որն իսկական անակնկալ էր մեզ համար: Աղբրաջրերը քարայրի տանիքին կրաքարային հետաքրքիր կառուցվածքով կանաչ գույնի հաստ շերտ էին գոյացրել: Դրանց միջով հոսելով` ջրերը քարայրի ողջ բացվածքի լայնքով շիթե քող էին ստեղծել: Ջուրը ապառաժի վրայով սահելով լցվում էր գետը: Փայտե կամրջակով անցանք գետն ու մտանք անտառը: Ես պատկերացնում էի, թե ինչպես էր իր զինվորների հետ ամեն անգամ այստեղով անցնելիս Ավան զորավարը հիանում այս անսովոր ու եզակի ջրվեժով և մտածում, որ հենց միայն այս հրաշքի համար արժե կռվել ու պաշտպանել հայրենի եզերքը: Ավանն այս կիրճում շուրջ հիսուն հազար ձի ու նույնքան էլ կով էր հավաքել` պատրաստվելով ըստ արժանվույն դիմավորել ռուսական զորքին, որն այդպես էլ օգնության չեկավ արցախցիներին: Կիրճը յուրահատուկ միկրոկլիմա ուներ, ու ամառ թե ձմեռ կենդանիներն այստեղ կարող էին առատ կեր գտնել:
Վերջապես մենք կրկին անցանք գետի ձախ ափն ու հազիվ նշմարվող արահետով շարժվեցինք ապառաժն ի վեր: Կտրուկ թեքությունը լուրջ փորձություն էր մեր խմբի համար: Խճաքարերը գլորվելով հաճախ մեզ իրենց հետ ցած էին քշում, ու մի պահ ասես Սիզիփոսի դերում էինք հայտնվել, որը ստիպված էր ահընդհատ ցած գլորվող քարը լեռան կատարը տանել: Սակայն մենք սովորեցինք թփուտներից կառչելով հաղթահարել այս արգելքը: Մեր ուղեկցորդը` Աշոտը, ցույց տվեց ուղղաձիգ քերծի մեջտեղում` մեզանից մոտ երկու հարյուր մետր բարձրության վրա գտնվող, մեծ սև խոռոչը`Ավանի կարանը (քարանձավը), ուր պետք է մագլցեր մեր խումբը:
- Եվ դու կարծում ես, թե մենք կարող ենք այնտեղ հասնել,- հարցրի ես:
- Իհարկե,- հանգիստ պատասխանեց Աշոտը:
Կիրճի հատակից մինչև Ջդրդուզ (պարսկերեն բառ է, որ նշանակում է վրանագող) ուղղահայաց ձգվող ապառաժը իրականում աննկատելի սալե աստիճաններ ուներ, որոնց վրա գոյացած արահետով պետք է անձավը հասնեինք: Կիրճի գոյացման ժամանակ բնությունը, ասես հաշվի առնելով տեղի հայ բնակչության անվտանգության ապահովման խնդիրը, ապառաժները տեղաշարժելով, անցման ուղի էր գոյացրել, որը յուրօրինակ զիգզագով Ավանի քարանձավն էր հասցնում: Կտրվելով խմբից` ես բավականին առաջ էի անցել` նպատակ ունենալով մտքերով կապվել շուրջ երեք հարյուր տարի առաջ այստեղ ապրած մարդկանց ու Ավան զորավարի հետ: Սակայն դա ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում, քանի որ թեք արահետին աճած խոտը չորացել էր, ու հաճախակի էի սայթաքում, ուստի և ստիպված էի լինում այս գեղատեսիլ դժոխքից մի կերպ փրկվելու ու գոյատևելու մասին մտածել: Վերջապես քարանձավը շատ մոտ էր` համարյա երեսուն մետր ինձնից վեր: Սակայն այնտեղ հասնելու համար ես պետք է աստիճաններով շուրջ չորս հարյուր մետր վտանգներով լեցուն ճանապարհ անցնեի: Քարանձավից ցած երևում էին քարե շարվածքները: Ըստ գրավոր աղբյուրների` Ավանը մելիքական ապարանքները վերակառուցել էր բերդաքաղաքի միջնաբերդում: Բաքվեցի գիտնական Սարկիսովը հայտնում է, որ ապարանքի մուտքին 1711 թվականի հայերեն արձանագրություն է եղել: Քարանձավ տանող վերին աստիճանի սկզբին քարե շարվածքի հետքեր էին երևում: Իսկ քարանձավի մուտքի աջ մասում Ավանի ժամանակներից մնացած կլոր հատակագծով աշտարակ կար` հրակնատներով:
Առաստաղից կաթկթող ջրի տակով անցնելով` հայտնվում ենք Ավանի քարանձավում: Ձախ կողմում ապառաժի փորվածք տաշտի մեջ առաստաղից ջուր էր թափվում: Քարանձավի բարձրությունը շուրջ տասնհինգ մետր էր: Հատակին անձավի ողջ երկայնքով հող էր լցված: Քարանձավում քարինտակցի մի հրացանավորի ու փամփշտակալով երիտասարդի հանդիպեցինք: Նա այստեղ սպասում էր մութն ընկնելուն, որպեսզի լապտերի օգնությամբ ձորում սկսի գիշերային որսը: Նա հայտնեց, որ այս ապառաժից վեր նմանատիպ մեկ այլ քարանձավ էլ կա:
- Իսկ քարանձավները երեւի կապված են իրար հետ,- ասացի ես:
- Այս քարանձավը մոտ երկու հարյուր մետր խորություն ունի,- ասաց Շուշիի երկրագիտական թանգարանի տնօրենը,- գուցե երկրաշարժից քարեր են թափվել, փակել մյուս քարանձավները տանող ճանապարհը:
Կիրճի հակադիր ուղղաձիգ ապառաժի մեջ ևս քարանձավային խոռոչներ էին բացվում: Քարայր տանող աստիճանը բազմաթիվ տեղերում լրացված էր քարե շարվածքով: Սակայն Շուշիից դիտողին քարայր տանող ոչ մի ուղի չէր երևում: Երբ հեծյալը, ասես թռչելով անդունդի վրայով, սլանում էր դեպի քարայրը, դիտողին միմիայն կախարդանք կամ երևակայություն էր թվում: Իրոք որ, տեսնելով այս ամենը` նոր միայն հասկանում եմ, որ այսպիսի պաշտպանական համակարգ ունեցող հայ զինվորականության դեմ անհնար էր ռազմական որևէ հաջողություն ակնկալել: Եվ իզուր չէ, որ կասպիականի արևմտյան ափերը նվաճած ռուսական զորքերի դեմ արշավանքի ճանապարհին թուրքական լավագույն բանակը դեմ առավ անհնազանդ Արցախին ու ջախջախիչ պարտություն կրեց Շուշիում:
Այժմ մենք պետք է մեկ այլ ճանապարհով գնայինք, ապառաժները մագլցելով Ջդրդուզ հասնեինք: Գրավոր հին աղբյուրներում ընթերցել եմ, որ մի քարանձավի մեջ քառասուն աստիճաններ տանում են դեպի այրի խորքը, որտեղ խմելու ջուր կա: Ահա և մենք բարձրանում ենք բնական հսկա աստիճաններով, որոնք բազում քառասուններ են պարունակում: Ավանդությունն ասում է, որ այրը բացվում է Մելիք-Շահնազար Երկրորդի ապարանքում: Մեկժամյա վերելքից հետո, ի զարմանս մեզ, հայտնվեցինք Ջդրդուզի տարածքում, որտեղից Շուշիի այցելուները սիրում են դիտել Հունոտի գեղատեսիլ ու նույնքան էլ ամեհի կիրճը:


Շարունակելի...

 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: