| |
|
![]() |
|
ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ Տվյալ փաստաթուղթը քննարկվել է հիմնադրամում ներգրավված մասնագետների շրջանակներում եւ ներկայացվում է հիմնադրամի Նախագահական խորհրդի հաստատմանը Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շուշի բերդաքաղաքի վերականգնումը կապված է ֆինանսական, սոցիալական եւ կազմակերպչական խնդիրների հետ, ՙՇուշի՚ հիմնադրամը ԼՂՀ ղեկավարությանն ու ԼՂՀ, ՀՀ եւ Սփյուռքի հասարակայնության քննությանն է առաջարկում հինավուրց քաղաքի վերածննդի հետեւյալ հայեցակարգը. ՙՇուշի՚ հիմնադրամը առաջարկում է Շուշիի վերածննդի գաղափարն ու ծրագիրը` որպես ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, որը կապահովի իր կենսագործունեությունը` ներգրավելով մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ` երկարաժամկետ հեռանկարով: Այս գաղափարը հիմք է ստեղծում բերդաքաղաքի սահմաններում հինգ առաջնային գոտիների նախագծերի փուլային իրականացումը` պատմա-ճարտարապետական ժառանգության առավելագույն օգտագործմամբ: Հիմնադրամի մասնագետների մտահղացմամբ այս նախագծերի իրականացումը պետք է վերածնի քաղաքի կենսունակությունը` բնակչությանը ապահովելով աշխատատեղով ու բնակարանային շինարարության միջոցներով: Հինգ գոտիները կկազմեն նոր Շուշիի այն միջուկը, որի շուրջն էլ կզարգանա քաղաքը: Nօ 1 գոտին ընդգրկում է Զբոսաշրջա-հյուրանոցային համալիրը: Այն տարածվում է Ջրաբերդի դարպասներից ու պարիսպներից, ընդգրկում հին միջնաբերդը, պատմական այգին, ՙխանի դստեր՚ տունը, արեւելյան բաղնիքը, այլ հասարակական շինություններ: Համալիրը կունենա հանգստի եւ ժամանցի բոլոր պայմանները, կծառայի ԼՂՀ այցելած զբոսաշրջիկներին: Այս գոտին ֆինանսական զգալի միջոցներ կբերի հանրապետական եւ քաղաքային բյուջեին ու կվերածվի գայթակղիչ բիզնեսի` ներդրողների համար: Գոտին հյուրանոցներից բացի ընդգրկում է նաեւ հասարակական կառույցներ: No 2 գոտին Մշակութային կենտրոնն է: Այն ընդգրկում է Թարխանյանների քարավանատունը, շուկան, շրջակա մի շարք տներ, որոնց թվում` մեծահարուստ Թառումյանների տունը, որտեղ մեկուկես տարի մնացել է Ամենայն հայոց Եփրեմ կաթողիկոսն ու նրան այցի եկած Ներսես Աշտարակեցին: Նախատեսվում է քարավանատան եւ շուկայի միջավայրում տեղադրել համերգա-կոնֆերանսային համալիր, որը կգրավի ստեղծագործական մտավորականության եւ քաղաքական շրջանակների ուշադրությունը, կնպաստի քաղաքի հասարակական-մշակութային կյանքի աշխուժացմանը, Շուշին կդարձնի որպես համազգային ակտիվ հանդիպումների եւ մշակութային միջոցառումների կենտրոն: Nօ 3 գոտին ընդգրկում է Կրթահամալիրը, որն ընդգրկում է հին ուսումնարանական թաղամասն ու մարզադաշտը: Մարիամայ գիմնազիայի, Ռեալական ուսումնարանի, Ժամհարյանների տան ու հիվանդանոցի հին շինությունների վերակառուցմամբ նախատեսվում է հիմնել համահայկական նշանակության ժամանակակից համալսարանային համալիր` հանրակացարաններով ու սպորտային կառույցներով, որտեղ կարող են անցկացվել համազգային մրցումներ: Համալիրը կարող է վերածվել Արցախի պետական համալսարանի բազայի, դեպի իրեն ձգելով ՀՀ ու Սփյուռքի ուսանողությանը: Nօ 4 գոտին ընդգրկում է Հունոտի կիրճն ու Ջդրդուզը, որն առաջին գոտու շարունակությունն է` հետիոտն զբոսաշրջության իմաստով: Այստեղ նախատեսվում է կառուցել երկաստիճան վերելակային համալիր: Առաջին աստիճանը Ջդրդուզը կկապի Ավանի բերդ-քարանձավի հարթակի հետ, որտեղ կվերականգնվի բերդապարիսպն ու զորավար Ավանի ապարանքը` դրանց տալով զբոսաշրջիկների սպասարկման նշանակություն: Երկրորդ աստիճանը կիջնի մինչեւ կիրճի հատակը` ՙՀովհար՚ ջրվեժը, Կարկառ գետն ու Հունոտ գյուղը: Այստեղ ստեղծելով հանգստի ու ժամանցի, ինչպես եւ գիշերելու հարմարավետ պայմաններ` կիրճն իր բնության հրաշալիքներով խիստ գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար: Nօ 5 գոտին Հոգեւոր կենտրոնն է, որն ընդգրկում է Ղազանչեցոց տաճարից մինչեւ Հին հանգստարանի տարածքը ներառյալ: Աղվանից եկեղեցու պատմության թանգարանը, պաշտամունքային ու կրոնական կամ լուսավորչական այլ շինություններ: Շուշիի, որպես հոգեւոր կենտրոնի նկատմամբ հետաքրքրությունը կաճի համապատասխան զարգացած ինֆրահամակարգի ստեղծմամբ, որն այն կդարձնի աշխարհի հայության յուրօրինակ այցեվայր` իր հերթին նպաստելով զբոսաշրջության աճին: Առաջին, երկրորդ, երրորդ, եւ հինգերորդ գոտիների շինարարությունը հնարավոր կդարձնի բերդաքաղաքի պատմական գլխավոր առանցքի` Ագուլեցոց փողոցի վերականգնումը, որն իրար կմիացնի այս չորս գոտիները: Քանի որ այս փողոցի երկայնքով պահպանվել են պատմական արժեք ներկայացնող շինությունները, փողոցի վերականգնումը կվերստեղծի քաղաքի գլխավոր երակներից մեկն ու իրար կկապի պատմական հրապարակները: Հետագա փուլերում կվերականգնվեն մյուս պատմական փողոցները, որոնք կվերածվեն բնակարանային նոր շինությունների առանցքների: ՙՇուշի՚ հիմնադրամի գործունեությունը գիտական ուսումնասիրությունների եւ նախագծերի պատրաստման ոլորտում մշտապես քննության է առնվում նրա աշխատակիցների եւ ներգրավված մասնագետների կողմից, քանի որ դրանք բացահայտում են քաղաքի վերածննդի հայեցակարգը: Առանց Շուշիի պատմական ժառանգության նախնական խորը ուսումնասիրության` անթույլատրելի է շինարարների միջամտությունը մեծ արժեք ներկայացնող քաղաքի պատմական կառուցապատման միջավայրը: Ելնելով վերը նշվածից, Հիմնադրամը առաջին փուլում ստանձնում է հետեւյալ ուղղությունները. ա. Ներգրավված մասնագետներից Գործադիր մարմնի ձեւավորումը: Նշված ուղղություններով գործունեության ծավալումը Հիմնադրամը նախանշում է իննը առաջնային ծրագրերի փուլային իրականացումը. 1. Բերդաքաղաքում եւ նրա շրջակայքում հուշարձանների համալիր ցուցակի կազմումը, լուսանկարահանումն ու քարտեզագրումը, տեղեկատվական շտեմարանի կազմումը: Պատասխանատու` Բակուր Կարապետյան, պ.գ.դ. Համլետ Պետրոսյան 2. Շենքերի եւ կառույցների լրիվ ծավալով ճարտարապետական չափագրությունների իրականացում, թվայնացում. Պատասխանատու` Սարհատ Պետրոսյան 3. Ճարտարապետական հուշարձանների պահպանման գոտիների նախագծումը: 4. Հինգ գոտիների նախագծային առաջարկությունների իրականացումը միջազգային բաց մրցույթով, որի հիման վրա կվերածնվի կենսունակ քաղաքը: Պատասխանատու ` Բ. Կարապետյան, Ս. Պետրոսյան 5. Շուշիի արխիվի հիմնադրում եւ արխիվային փաստաթղթերի հավաքում, հրապարակում: Պատասխանատու` Բակուր Կարապետյան 6. Շուշիի շրջակայքում հայտնաբերված դամբարանների, կիկլոպյան ամրոցի, քաղաքի միջնաբերդի եւ Ավանի բերդ-քարանձավի հնագիտական պեղումներ, ուսումնասիրություն եւ արդյունքների հրատարակում: Պատասխանատու` Համլետ Պետրոսյան 7. Շուշիի եւ շրջակայքի վիմագիր ժառանգության հետազոտություն եվ պրակի հրատարակում: Պատասխանատու` Համլետ Պետրոսյան 8. Բերդաքաղաքում եւ շրջակայքում գտնվող քարանձավների համալիր հետազոտություն: 9. Թանգարանային համալիրի հիմնում ա. Լուսանկարչական ազգային թանգարան (Սփյուռքի համայնքներից, ՀՀ-ի մարզերից, ԼՂՀ շրջաններից հին լուսանկարների հավաքածու); Պատասխանատու` Բակուր Կարապետյան, 10. Շուշիի համապատասխան կերպարի քարոզչություն Պատասխանատու` Բակուր Կարապետյան Հայեցակարգի իրականացումը սկսվել է 2004 թ. ամռանը Շուշի բերդաքաղաքի եւ նրա շրջակայքի շուրջ 520 հուշարձանների ցուցակագրումից եւ քարտեզագրումից:
"Շուշի" հիմնադրամի կառավարիչ Բակուր Կարապետյան |
© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է: Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: |